Հայաստանը թեև մասնակցում է «Արևելյան գործընկերության» ծրագրին, բայց մենք նրան չվստահելու հիմքեր չունենք: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ զրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը:
«Մենք ըմբռնումով ենք մոտենում մեր հայ և բելառուսցի գործընկերների մասնակցությանն այդ ծրագրին, որը նրանք դիտում են որպես Եվրամիության հետ համագործակցությունը խթանելու հնարավորություն, այդ թվում՝ իրենց տնտեսությունների կայուն զարգացումն ապահովելու համար: Նրանք մեր հուսալի գործընկերներն են, մենք նրանց չվստահելու հիմքեր չունենք»,- ասել է դիվանագետը:
Այնուամենայնիվ, Կելինը նշել է, որ ռուսական կողմն «Արևելյան գործընկերությունը» գնահատում է որպես «ոչ միանշանակ նախաձեռնություն»:
«Չնայած բոլոր «գեղեցիկ խոսքերին», Բրյուսելի կողմից դա գործարկելու իրական պատճառը ոչ մեկի մոտ պատրանքներ չի առաջացնում: Իսկ մեզ մոտ կանգնած երկրներին «կամ Ռուսաստանի, կամ Արևմուտքի հետ» ընտրության առաջ կանգնեցնելու փորձերի հետևանքները մենք ամբողջությամբ կարող ենք տեսնել Ուկրաինայում»,- ասել է Կելինը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ