«Փաստաբանական գործունեության մեջ հսկայական ստվեր կա: Փաստաբան կա, որ հարյուր գործ ունի: Այդ գործերի եկամուտները նա ցույց տվե՞լ է, թե՝ ոչ»,-ԱԺ-ում այսօր Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ փաստաբանները, հաշվապահները, խորհրդատվական ծառայություններ մատուցողները 5 տոկոս շրջանառության հարկից պետք է անցնեն 20% ավելացված արժեքի հարկի դաշտ, ինչը փաստաբանական համայնքում դժգոհություններ է առաջացրել:
«Բայց քանի որ փաստաբանները կազմակերպված ժողովուրդ են եւ սիրում են պաշտպանվել, ամեն օրենսդրական փոփոխությունից պաշտպանվում են»,-ժպտալով նկատեց Նիկոլ Փաշինյանը: Նա կարծում է, որ ոլորտում հետեւյալ խնդիրը կա. «Չունենք մեխանիզմ՝ եկամուտների հաշվարկման եւ ստվերի գնահատման-կառավարման համար: Ոչ միայն փաստաբաններին, այլեւ հանրության մյուս շերտերի ներկայացուցիչներին հրավիրում ենք երկխոսության: Մենք որեւէ մեկի հակառակորդը չենք եւ որեւէ մեկին հարվածելու խնդիր չունենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ