Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (այսուհետ՝ ԲՍՓԳ)՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կարևորագույն ստորաբաժանումներից է: ԲՍՓԳ-ի հիմնական գործառույթն՝ անձին հաշմանդամության կարգ սահմանելն է: Տրամաբանությունը հուշում է, որ գործակալությունում պետք է աշխատեն բժիշկներ: Համենայնդեպս այդպես է եղել խորհրդային տարիներից ի վեր: Սակայն, մյուս կողմից, քաղաքացիներին հաշմանդամության կարգ սահմանելը նշանակում է վերջիններիս տրամադրել իրավունք, իսկ հաշմանդամության կարգ չտրամադրելը՝ սահմանափակել նրանց իրավունքը: Բացի այդ, քաղաքացիներին հաշմանդամության կարգի տրամադրումը կամ մերժումը ձևակերպվում և ստանում է փաստաթղթային տեսք: Այդ փաստաթուղթը համարվում է վարչական ակտ և կարող է բողոքարկվել դատական կարգով: Դա նշանակում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓԳ-ն՝ վարչական մարմին է, որը վարչարարություն է իրականացնում, առաջնորդվելով տվյալ իրավական դաշտում առկա օրենքներով, օրինակ՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» կամ «Իրավական ակտերի մասին» օրենքներով, վարչական դատավարության օրենսգրքով: Այս տեսանկյունից, իմաստազրկվում է ԲՍՓԳ-ում՝ բացառապես բժիշկների աշխատելը, քանզի փորձը ցույց է տալիս, որ վերջիններս հիմնականում չեն տիրապետում իրավական գիտելիքների:
Հասկանալու համար, թե ինչին է հանգեցնում իրավական գիտելիքների պակասը ԲՍՓԳ-ի բժիշկների մոտ համառոտ անդրադառնամ հաշմանդամության կարգ ստանալու ընթացակարգին: Որպեսզի անձը հաշմանդամության կարգ ստանա, նա պետք է ԲՍՓԳ-ի տարածքային ստորաբաժանումում դիմում և հիվանդության էպիկրիզ ներկայացնի: Այնուհետև նշանակվում է փորձաքննության օր, ԲՍՓԳ-ի հանձնաժողովը զննում է հիվանդին և վարչական ակտով վերջինիս տրամադրում է հաշմանդամության կարգ կամ մերժում է դրա տրամադրումը: Այս ընթացակարգի մեջ, թերևս ամենաանհասկանալին այն է, որ ըստ էության հանձնաժողովը, չունենալով հիվանդին զննելու որևէ փաստացի գործիքակազմ, գնահատական է տալիս քաղաքացու կողմից ներկայացված բուժհաստատության էպիկրիզին: Եթե հանձնաժողովն էպիկրիզը համարում է արժանահավատ, ապա քաղաքացուն տրամադրվում է հաշմանդամության կարգ, հակառակ դեպքում՝ կարգի տրամադրումը մերժվում է: Քանի որ ԲՍՓԳ-ի փորձաքննական հանձնաժողովը չունի հիվանդի էպիկրիզի հավաստիությունը ստուգելու տեխնիկական հնարավորություն, ապա այն ընդունվում է որպես հիմք և հանձնաժողովին մնում է միայն մեկ գործառույթ իրականացնել, այն է՝ պարզել, թե ինչպես է անձի մոտ առկա հիվանդությունն ազդել վերջինիս սոցիալական կարգավիճակի վրա: Սակայն այս խնդիրը կարող է լուծել նաև բժշկական կրթություն չունեցող անձ:
Ուրեմն, ունենք ԲՍՓԳ, որի հանձնաժողովների կազմում ընդգրկված բժիշկները հիմնվում են բացառապես հաշմանդամություն հայցող անձի կողմից ներկայացված էպիկրիզի վրա, չունեն էպիկրիզի հավաստիությունը «ստուգելու» գործիքակազմ և իրականացնում են վարչարարություն, որի մասին չունեն մասնագիտական պատկերացում:
Որպես օրինակ բերեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓԳ-ի թիվ 6 տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը: Ընդհանրապես չկասկածելով այդ հանձնաժողովի կազմում ընդգրկված բժիշկների մասնագիտական կարողությունների վրա, նշեմ, որ հանձնաժողովի նախագահն ինձանից առաջին անգամ լսեց, որ ինքը հանդիսանում է վարչական մարմնի ներկայացուցիչ, իրականացնում է վարչարարություն և գոյություն ունի վարչարարության բնագավառը կարգավորող օրենքներ, իսկ հանձնաժողովի անդամը չգիտեր, որ իրենց՝ վարչական ակտ հանդիսացող որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով: Ավելին, հանձնաժողովի այդ նույն անդամն անկեղծ տարակուսում էր և կասկածի տակ էր դնում դատական համակարգի՝ արդարադատություն իրականացնելու առաքելությունը:
Այդ ամենի արդյունքում ունենում ենք բազմաթիվ իրավական անախորժություններ, որոնք ի հայտ են գալիս անգրագետ կազմված, ոչ իրավաչափ վարչական ակտերի տեսքով, որոնք ոչ միայն չեն բավարարում իրավական ակտերին ներկայացվող պահանջներին, այլև շատ անգամ առոչինչ են կայացման պահից: Դա նշանակում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է վերանայի ԲՍՓԳ-ում որդեգրած կադրային քաղաքականությունը: Նախարարությունում վերջապես պետք է հասկանան, որ ԲՍՓԳ-ն՝ վարչական մարմին է, որը առաջին հերթին որոշում է, թե ինչպես է հիվանդությունը ազդել անձի սոցիալական կարգավիճակի վրա և քաղաքացիներին իրավունք է տրամադրում կամ մերժում է իրավունքի տրամադրումը: Եվ այս իմաստով, ընդհանրապես կարևոր չէ ԲՍՓԳ-ի հանձնաժողովներում բժշկական գիտելիքներ ունեցող մասնագետների առկայությունը կամ էլ, ծայրահեղ դեպքում, ցանկալի է, որ վերջիններս ունենան նաև իրավական գիտելիքներ:
Կարեն Հեքիմյան
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ
ՀԳ. ԲՍՓԳ-ի թիվ 6 բժշկասոցիալական հանձնաժողովի նախագահին ես խոստացել եմ նվիրել վարչարարության ոլորտին առնչվող օրենքների տպագիր տարբերակները: Ես խոստումս կկատարեմ: Մնացին մնացածը: