Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական հեղափոխությո՞ւն, թե՞ «ԵԱՏՄ պարտավորություններ»

Փետրվար 12,2019 22:00

Հայաստանի Կառավարության ծրագիրը կարող է ընկալվել որպես «հակառուսական», սակայն «երեքտողանոց» հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ կցրեն նրանց մտահոգությունները

Հայաստանի կառավարությունը հրապարակեց իր գործունեության ծրագիրը, որով սահմանում է իր գլխավոր առաքելությունը առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն, նշելով նաեւ, թե այդ նպատակին ծառայելու համար որ գործոններն ունեն առանցքային նշանակություն։

Կարելի է ենթադրել, որ այդ գործոնները շարադրված են ըստ առաջնահերթության, եւ ըստ այդմ՝ առաջինը նշված է Հայաստանի արտաքին եւ ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը եւ շարունակական ամրապնդումը, երկրորդը՝ մարդու իրավունքների պաշտպանվածությունը, երրորդը՝ ժողովրդավարությունը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, չորրորդը՝ հայության համախմբումը, հինգերորդը՝ կառավարության հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը, վեցերորդը՝ քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը, այնուհետեւ՝ կրթության եւ առողջ ապրելակերպի քաջալերումը, աղքատության հաղթահարումը՝ աշխատանքի եւ կրթության միջոցով, պետական ծախսերի եւ գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը։

Իր առաքելությունն իրականություն դարձնելու ուղղությամբ կառավարությունը նախանշել է չորս խնդիր՝ իր ենթախնդիրներով, որոնք են. տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը, պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, մարդկային ներուժի զարգացումը, հուսալի ենթակառուցվածքների զարգացումը եւ հասանելիության ընդլայնումը։ Վերջինս ներառում է հուսալի ենթակառուցվածքների զարգացումը եւ հասանելիության ընդլայնումը։

Կարող ենք արձանագրել, որ առաջնահերթությունների «հիերարխիան» կառուցված եւ կազմված է իրավիճակին, իրականությանը եւ բանականությանը համարժեք, եւ միակ կարեւորագույն պայմանը մնում է այն, որ սա չմնա որպես բարի ցանկությունների շարադրանք, այլ դառնա գործունեության իրական ուղեցույց, որի հետեւում կա քաղաքական պատասխանատվություն։ Սա բացառապես ներքին, ներքաղաքական խնդիր է, որի լուծումը մեկն է՝ ձեւավորել այդ առաջնահերթությունների իրականացմանը սպասարկող, աստիճանակարգված, հաշվետու, թափանցիկ եւ հասկանալի համակարգ, որն ունակ կլինի համարժեքորեն արձագանքել արտաքին մարտահրավերներին, իսկ դրանք անխուսափելի են ոչ միայն մեր հակառակորդի, այլեւ մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից, քանզի, ինչպես ծրագրի, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության բաժինն է «հուշում», այն մեծ շանսեր ունի գնահատվելու որպես «հակառուսական», եւ դրան արժե անդրադառնալ առանձին։

Այն մասում, թե ինչին է նպատակաուղղված Հայաստանի արտաքին քաղաքականությունը, գրված է հետեւյալը, մեջբերում. «Կառավարության արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությանը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովմանը, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ եւ իրավահավասար հարաբերությունների շարունակական զարգացմանը, միջազգային ու տարածաշրջանային գործընթացներին Հայաստանի ներգրավվածության ավելացմանը, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության խորացմանը՝ Հայաստանի կայուն զարգացմանը եւ տնտեսության արդիականացմանը, նոր շուկաներ մուտքի ապահովմանը եւ դեպի Հայաստան ու Արցախ օտարերկրյա ներդրումների ավելացմանը»։

Եթե, ըստ «եվրասիական ինտեգրման» կպչուն պրոպագանդայով զբաղվող բազմաթիվ կայքերի՝ Հայաստանում «ամերիկացիներն են արել», նաեւ՝ «Հայաստանի երեք նախագահներից մեկը բանտում է, իսկ մյուս երկուսին հարցաքննում են Սորոսի մարդիկ», ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ փոթորիկ կարող է առաջացնել ծրագրում նախանշված՝ Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակաուղղվածությունը։

Չնայած նրան, որ, ինչպես գրված է ծրագրում, կառավարությունն ակտիվորեն աշխատելու է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ եւ նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաեւ այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում, Հայաստանը «հանդգնել» է հռչակել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները «հիմնված են բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա»։ Եվ այդքանից հետո, մեջբերում. «Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարեւոր բաղկացուցիչ»։

Հայաստանի «հանդգնությունը» խորանում է հաջորդ կետերում, որտեղ շարադրված է, թե Հայաստանի կառավարությունն է՛լ որ ուղղություններով է աշխատելու։ Եվ ուրեմն, մեջբերում. «Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության հետեւողական զարգացման ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու եւ տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ»։ Պատկերացնո՞ւմ եք, ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացում, գործակցության խորացում՝ մի պետության հետ, որը պատժամիջոցներ է կիրառում «դարավոր բարեկամի» նկատմամբ։

Այնուհետեւ, մեջբերում. «ԵՄ-ի, նրա անդամ պետությունների եւ եվրոպական այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու եւ գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ։ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը դիտվում է որպես Հայաստանի զարգացմանն ուղղված կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող նշանակալից գործոն։ Կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման ապահովման ուղղությամբ»։ Սա այն է, ինչի մասին Հայաստանի ուղղությամբ աշխատող ռուսական պրոպագանդան «բարեկամաբար» ահազանգ էր հնչեցնում, որ հենց CEPA-ն ԵՄ-ի հետ ստորագրենք՝ մեզ սպասում են «Եվրոպայից գեյերի ներխուժում», «հայկական հոգեւոր արժեքների աղճատում» եւ այլ «ահավոր բաներ»։ Եվ դժվար չէ պատկերացնել, թե «հայանպաստ» «Սպուտնիկը», որոշ «մտահոգվածներ» ինչ վերնագրերով կօժտեն իրենց «վերլուծական հոսքագիծը»։

Իսկ էներգետիկայի բաժնում կառավարության մտադրությունն իրականացնել արեւային համակարգային կայանների մրցութային եղանակով կառուցման ծրագրեր` մինչեւ 2022 թվականը ներքին սպառման կառուցվածքում այդ կայանների կշիռը հասցնելով առնվազն 10 տոկոսի՝ սա կգնահատվի որպես ուղղակի ոտնձգություն մեր «եղբայրական» մենաշնորհատեր «Գազպրոմի» եկամտաբերության նկատմամբ։
Ակնհայտորեն, այս ամենը չի տեղավորվում Մոսկվայի՝ «ռուսկի միռ»-ի, «բազմաբեւեռ աշխարհի», «ավանդական հոգեւոր արժեքների պաշտպանության» պսեւդո-դոկտրինների շրջանակներում, եւ դատելով ոչ պաշտոնական խողովակներով ստացված տեղեկություններից՝ ներկայումս ռուսական կայսերապաշտ «վերնախավն» առանց այն էլ մեծ անվստահություն ունի Հայաստանի նկատմամբ, իսկ այս ամենը կարդալուց ինչ հոգեխանգարմունք է սպասվում՝ մեղմ ասած, դժվար է ասել։ Մանավանդ, երբ ծանոթանում ես Պուտինի օգնական Սուրկովի քարանձավային «մտքերին» իր «ծրագրային հոդվածից»…

Մյուս կողմից՝ նրանք կարող են հանգիստ լինել, քանզի «ռազմավարական» բառն օգտագործված է միայն եւ բացառապես Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, բայց ոչ ԵՄ-ի, ոչ ԱՄՆ-ի, նույնիսկ ոչ էլ Վրաստանի եւ Իրանի։ Մեր երկու հարեւաններին իրար հետ վերցրած՝ նվիրված է ընդամենը երեք խեղճուկրակ տող, մեջբերում. «Իրանի եւ Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից»։ Այ, սա «կգնահատվի» Հայաստանի մեկուսացմանը ձգտող սուբյեկտների կողմից, քանզի եթե սա է արտաքին աշխարհի հետ կապող երկու երկրների հետ ապագա հարաբերությունների հիմքը, ապա «բոլորը կարող են հանգիստ քնել»։ Ի վերջո, Հայաստանը չի՛ կարող ռազմավարական հարաբերություններ չունենալ Վրաստանի եւ Իրանի հետ, երբ հայտնի են հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինչպես նաեւ Ռուսաստան-Ադրբեջան եւ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, եւ Հայաստանը չի՛ կարող չունենալ ռազմավարական հարաբերություններ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ։

Ի վերջո, արդյո՞ք համատեղելի է տնտեսական հեղափոխության ռազմավարությունը հակահեղափոխական, ավտորիտար, կոռումպացված, ժամանակի դեմ պայքարող հետամնաց եւ խավարամիտ ռեժիմների պահպանման նպատակով ստեղծած ԵԱՏՄ-ի շրջանակում, որը նաեւ «զմռսված է» մեր՝ «ՀԱՊԿ պարտավորություններով»։ Դրա վերաբերյալ, ըստ ամենայնի, առաջիկայում բանավեճ չի էլ նախատեսվում։
Չնայած, հինգ տարին մեր օրերում, ինչպես ասում են՝ ով ողջ, ով մեռած…

Ինչպես տեսնում ենք, եթե Ազգային ժողովում ծրագրի լրջագույն սրբագրումներ չարվեն, ապա դա նշանակում է, որ քսանամյա իմիտացիայի ժամանակաշրջանին գալիս է փոխարինելու մի անհասկանալի հնգամյակ, որի ընթացքում մենք ապրելու ենք մի ռեժիմում, երբ շարունակելու է ընդունելի լինել մի բան ասելը, մյուս բան նկատի ունենալը, երրորդ բան անելը, եւ, ըստ պարոն Չեռնոմիրդինի՝ «ուզեցանք լինի ամենալավ ձեւով, ստացվեց ինչպես միշտ»։ Ծրագրի՝ այս հայեցակարգային խզումը վերացնելու գործում այժմ գնդակը մեր պատգամավորական կորպուսի դաշտում է։ Մնում ենք բանավեճին սպասող…

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

12.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Եթէ մի կէտ կայ, գոնէ մի հատ կէտ, զորս ամէն առիթով, այլազան ձեւերով, առաջին օրէն սկսեալ, Փաշինյանը յստակացուց, հաստատեց եւ ընդգծեց, այն է թէ՝ Հայաստանի արտաքին քաղաքականութեան այն էակա՛ն փոփոխութիւնը որ Ձեր ամբողջ էութեամբ կ’ըղձաք, կը տենչաք եւ կ’երազէք, ինք՝ չի կատարելու:
     
    Ամէն օր, նուազագոյնը քսան յօդուածներ կը կարդամ Հայաստանի Մամուլի տարբեր թերթերուն մէջ, եւ ոչ մէկ այլ հրապարակագիր Ձեր ըսածը չի ասում,  միայն Դուք էք որ կը յայտնէք ու կը կրկնէք այն տարօրինակ համոզումը, թէ՝ տեղի ունեցած է այդպիսի փոփոխութիւն:
     
    Նոյնիսկ եթէ վերցնենք այն մի քանի դէպքերը, որոնք տպաւորութիւնը տուին թէ Փաշինյանը «շեղեցաւ» Հայաստան-Ռուսաստան իւրայատուկ յարաբերութիւններից, քիչ մը աւելի սառն գլուխով ոեւէ դիտողի համար, շատ յստակ է թէ Փաշինյանի արտայայտածը հետեւեալն է՝ ներքին քաղաքականութեան մէջ, կարող եմ անել բաներ որոնք կրնան դուր չգալ Մոսկուային կամ նոյնիսկ անձնապէս Փութինին, սակայն դա չի նշանակում որ Հայաստան-Ռուսաստան բացառեալ դաշինքը վերատեսութեան պիտի ենթարկուի:
     
    Այդ ամէն մի ներքին միջադէպի դիմաց, որ կարող էր խրտչեցնել Ռուսաստանին, Հայաստանի Վարչապետը մի քանի նոր ու խոշոր ապացոյցներ հայթայթեց, որեւէ շփոթ փարատելու համար, Ռուսաստանի միտքը հանգստացնելու համար:
     
    Եթէ Փաշինյանը յաջողեցաւ, եթէ Փաշինյանը պիտի յաջողի, շնորհիւ այս կեցուածքին է: Նա շատ բաներու մէջ շատ հեռու գնաց, սակայն գիտակցեցաւ եւ գիտցաւ այս կարմիր գիծը չանցնիլ:
     
    Հասկնալի է որ յուսախաբուած էք, սակայն անիմաստ է շարունակել ձեր ընթերցողներուն ներկայացնել որպէս իրականութիւն բան մը, որ ակնյայտօրէն չկայ: Ձեր երեւակայութեան մէջ է միայն: Wishful thinking է:

    Թերեւս մի օր կ’ունենաք Ձեր այդ ուզած յեղափոխութիւնը: Ուրիշներ ալ արդէն տարբեր ուղղութիւններով յեղափոխութիւն կ’ուզեն, անոնք ալ թող սպասեն այդ յաջորդ յեղափոխութիւններուն: Այս մէկ հատը սակայն Ձեր այդ երազածը չէր:
     
    Փաշինյանի Հայաստանը կը մնայ Ռուսաստանի ամենասերտ եւ հաւատարիմ դաշնակիցը: Եւ հայերի մեծամասնութիւնը գոհ է որ գոնէ այս խելացութիւնը ունեցաւ Փաշինյանը, ներառեալ անոնք որոնք համաձայն չէին ու չեն իր հետ, ներառեալ Արեւմուտքի մէջ ապրող հայերը, որոնք կը սիրեն եւ կը յարգեն իրենց բնակած երկիրները, սակայն ըմբռնած են այն պարզ ու տարրական իրականութիւնը թէ՝ Հայաստանը արեւմտեան երկիր չէ, եւ եթէ ջանայ լինել այն ինչ որ չէ, ծայրագոյն վնասներ է կրելու:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728