ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն առաջադրվում է՝ որպես ԵԿՄ նախագահ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանն ասաց, որ ինքը դեմ է, որ ԵԿՄ-ն կառավարման խորհրդով ղեկավարվի, ոչ թե միանձնյա: Նա հայտարարեց. «Ես ձեզ պարզ ասեմ, թեկուզ մեր պետությունը ես կողմ եմ, որ նախագահական կառավարման անցնենք»:
Հարցին՝ տեղեկություններ կան, որ Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ-ն ղեկավարելով, սոցփաթեթների միջոցով իր մտերիմներին, ովքեր մարտական ուղի չեն անցել, նրանց բնակարաններ է հատկացրել, ամսական գումարներ, նման տեղեկություններ դուք ունե՞ք՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ չունի, բայց եթե ինքը դառնա ԵԿՄ նախագահ, նման բաներ բացառում է»: Հարցին՝ փորփրելո՞ւ եք այդ հարցը, որ իմանաք՝ Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Ես փորփրող չեմ»: Նա ասաց, որ ամեն դեպքում, ովքեր մարտական ուղի չեն անցել, իրականում երկրապահ չեն, չեն մնան այդ կառույցում:
Հարցին՝ ինչո՞ւ եք ուզում ԵԿՄ նախագահ դառնալ՝ նա պատասխանեց. «Ես չեմ ուզում»: Հարցին՝ դրդվա՞ծ եք առաջադրվում, նա վիրավորվեց. «Ես երբեք չեմ դրդվում, դրդված չեմ»:
Լրագրողները հիշեցրին, որ ժամանակին նա հայտարարել էր, որ «ես երբեք չեմ դառնա ԵԿՄ նախագահ», ուստի թե ինչո՞ւ է մտքափոխվել՝ Սասուն Միքայելյանն ասաց, որ դա ասելիս ուրիշ բաներ էլ է ասել, ասել է, որ ԵԿՄ-ն պետք է լուծարվի. «Հիմա ԵԿՄ-ն արդեն լուծարված է, հասկանո՞ւմ եք: Ես չեմ ուզեցել դառնալ ԵԿՄ նախագահ, երկար քննարկումներ եմ ունեցել էս 3-4 ամիս է, ես չեմ կարող մերժել իմ մարտական ընկերներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ