Դատական իշխանության անկախության առումով վերջին 10 ամիսներին ՀՀ կառավարությունը հաջողություններ է գրանցել: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ նոր կառավարության սկզբունքն է՝ չմիջամտել դատական համակարգի գործերին: «Մեր պատկերացմամբ՝ դատական համակարգի անկախությունն ապահովելու երաշխիքը դա է, թեեւ դա հանրային ընկալման խնդիրներ է առաջացնում: Կարող եմ արձանագրել, որ ՀՀ կառավարությունը չի շեղվելու այս ուղեգծից»,-վստահեցրեց ՀՀ վարչապետը:
Նրա բնորոշմամբ. «Ցավոք, ՀՀ դատական համակարգը սովոր է աշխատել հրահանգավորման պայմաններում: Ռիսկը հետեւյալն է՝ արդյոք չե՞ն ձեւավորվում հրահանգավորման այլ մեխանիզմներ, այդ թվում՝ իշխանությունից դուրս գտնվող օղակներից: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ դատական համակարգում առողջացում է տեղի ունենում, բայց դա չի նշանակում, թե դատական համակարգն անթերի է եւ անսխալ: Այն խնդիր ունի հարմարվելու նոր պայմաններին»:
Պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան էլ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Կառավարությունն ունի ծրագրեր՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի փակման եւ տեղափոխման հարցի վերաբերյալ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ