ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն առաջադրվում է՝ որպես ԵԿՄ նախագահ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանն ասաց, որ երեւի 91-ից հետո այդքան մարդ չէր հավաքվել ԵԿՄ-ում, ինչքան այսօր: Թե ի՞նչն է փոխելու ԵԿՄ-ում, նա վստահեցրեց, որ 90 տոկոսը փոփոխման ենթակա է. «Ազատամարտը ազատագրել է 10400 քմ կմ տարածք ու այդ ժամանակամիջոցում զոհվել է 6007 մարդ: Դա փառքի արժանի գործունեություն է, որը ծավալել են ազատամարտիկները: Մենք պետք է կարողանանք նորմալ այդ արժեքների կորուստը, որ ճիշտ չի ներկայացվել ժողովրդին, ներկայացնեն մեր ժողովրդին: Ճիշտ չի մատուցվել մեր ժողովրդին»:
Հարցին՝ դուք կուսակցության ղեկավար եք, եթե ԵԿՄ նախագահ եք դառնում, չի՞ ստացվում, որ եթե դառնաք ԵԿՄ նախագահ, այդ կառույցը կրկնի քաղաքականացվում է, ինչպես Մանվել Գրիգորյանի ժամանակ՝ նա պատասխանեց, որ շուտով ՔՊ-ի համագումարը կլինի ու ինքն այլեւս չի լինի կուսակցության վարչության նախագահ: Ինչ մնում է ԵԿՄ-ն քաղաքականացնելուն՝ Սասուն Միքայելյանն ասաց. «Ոչ, նման բան չի կարող լինել իմ դեպքում, պարզ ասում եմ: Արդեն մեր ժողովուրդն առնչվել է էդ հարցին, անուններ չեմ ուզում տամ: ԵԿՄ-ն եղել է կյանքի գնով ժողովրդի ծոցից ծնված կազմակերպություն»:
Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ինչ-որ բան սպառնա, Նիկոլ Փաշինյանը չի՞ կանգնի նրա կողքին՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ոչ, երբե՛ք ԵԿՄ-ն նման բան չի անի: Նման բան չկա: ԵԿՄ-ն երբեք չի խանգարի այսօրվա կառավարությանը, տարբեր հարթության վրա նայեք կամավորականների միություն ու կառավարություն: ԵԿՄ-ն չի կարող դառնալ իշխանության զավակ»:
Լրագրողների դիտարկմանը, որ զուգահեռներ են տարվում Մանվել Գրիգորյանի ու ձեր միջեւ՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ ինչ սեփականություն ունի, բաց ու պարզ է. «Ասել եմ՝ նկարեք, ժողովրդին ցույց տվեք: Զուգահեռներ մի տարի հետո տարեք, երբ ես լինեմ ԵԿՄ նախագահ: Ու իմ գործունեությունը երբեք ուրիշի հետ չհամեմատեք»: Ըստ Միքայելյանի, ամեն մարդ քնից արթնանում է, ֆեյսբուքյան էջում իր կարծիքն է հայտնում, ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի. «Մարդիկ չեն հավատում, որ ԵԿՄ-ն մեծ փոփոխություն կբերի ու թավշյա հեղափոխությունը բոլոր մյուս շերտերի վրա կազդի: Եթե ես դառնամ ԵԿՄ նախագահ, մի տարի հետ էս հարցերը չեն առաջանա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում