Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին այս ընթացքում եղել է մեր քննարկումների առանցքներից: Ադրբեջանը դրան արձագանքում է հետեւյալ կերպ: Ասում է, որ եթե հայկական կողմը ներգրավի Արցախին, ադրբեջանական կողմն իր հերթին կներգրավի Ղարաբաղի այսպես կոչված «ադրբեջանական համայնքին»: Իրականում այս դիրքորոշումը լրջագույն պարզաբանումների կարիք ունի»,- ԱԺ-ում այսօր ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց հետեւյալ փաստը. «Ղարաբաղի «ադրբեջանական համայնքը» մասնակցում է Ադրբեջանի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին, նրանք հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացի, հետեւաբար՝ Ադրբեջանի նախագահը ընտրված է նաեւ այդ համայնքի կողմից, ուստի Ադրբեջանի կառավարությունը եւ խորհրդարանն ունեն մանդատ՝ բանակցային գործընթացում այդ մարդկանց ներկայացնելու համար: Ադրբեջանում անգամ «Ստեփանակերտի ընտրական տեղամաս» կա: Ուստի Ադրբեջանի նշյալ դիրքորոշումը, որ պետք է պնդել Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» մասնակցությունը, հարցեր է առաջացնում»:
Նիկոլ Փաշինյանն այդ հարցերից մեկն առանձնացրեց. «Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Ադրբեջանի իշխանությունը լիազորություն չունի Ադրբեջանի ժողովրդին ներկայացնել բանակցային գործընթացում: Սա շատ կարեւոր նրբություն է: Եթե Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել բանակցային գործընթացում եւ Ադրբեջանի ղեկավարությունը ինքն է դա խոստովանում, հարցեր են առաջանում: Իսկ Ադրբեջանի իշխանությունը լիազորվա՞ծ է ներկայացնել Ադրբեջանի փոքրամասնություններին: Եթե լիազորված չէ ներկայացնել ողջ Ադրբեջանի ժողովրդին, ապա ի՞նչ մանդատով է մասնակցում բանակցություններին՝ այն դեպքում, երբ ՀՀ-ն չի կարող բանակցել Ղարաբաղի ժողովրդի անունից, եւ մենք քանիցս ասել ենք այդ մասին»:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ կան լուրջ մեթոդներ այն հարցի շուրջ, թե ինչպես կարող է Արցախը ներգրավվել բանակցային գործընթացում՝ որպես լիարժեք կողմ. «Այդ մեթոդները կքննարկենք նաեւ մեր միջազգային գործընկերների հետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ