«Սփյուռքի նախարարությունն իրականացնում էր գործառույթներ, որոնք իրականացնում էին նաեւ այլ նախարարություններ: Խոսքը կրթական, մշակութային գործառույթների մասին է: Սփյուռքի հետ հարաբերությունների տեսանկյունից կարեւոր գործառույթներ չէին իրականացվում»,- ԱԺ-ում այսօր ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ անդրադառնալով Սփյուռքի նախարարության լուծարմանը՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ նոր Կառավարությունը միտված է Սփյուռքի նախարարություն չունենալ, փոխարենը՝ վարչապետի աշխատակազմում սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար կլինի, որը կկազմակերպի Սփյուռքի հետ հարաբերությունները եւ կհամակարգի բոլոր նախարարությունների աշխատանքը Սփյուռքի հետ, կապահովի ՀՀ-սփյուռք հարաբերությունների բարձր մակարդակը:
Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ Կառավարությունը Սփյուռքի հետ հարաբերություններում հեղափոխական խնդիր է դրել. «Որքան էլ զարմանալի լինի, բայց մինչ օրս չունենք Սփյուռքի ներուժի քարտեզագրում, չգիտենք, թե որ երկրում ազդեցության ինչպիսի միջավայր եւ հնարավորություններ ունի Սփյուռքը: Կառավարության գործունեության ծրագրում տեղ է հատկացված համահայկական ցանցի ստեղծմանը, որը կներառի ամփոփ տեղեկատվություն՝ Սփյուռքի ներուժի մասին: Մյուս խնդիրը, որի լուծումը մարտահրավերների հետ է կապված, Սփյուռքը ներկայացնող միասնական կառույցի ստեղծումն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ