7-րդ գումարման ԱԺ-ում այսօր ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացավ ընդգծել նաեւ պետական պաշտոնյաների եւ ծառայողների մտածելակերպի փոփոխության կարեւորությունը եւ մի օրինակ բերեց: Պատմեց, որ իր ելույթների տեքստերը մշտապես ինքն է գրել, բայց հիմա՝ զբաղվածության պայմաններում, երբեմն աշխատակիցներն են որոշ ելույթներ նախապես գրում, ինքն էլ միջոցառումից կարճ ժամանակ առաջ է հասցնում այն ընթերցել:
«Երբեմն ինձ տեքստ են տալիս կարդալու, որի միջից «խոսում» է Սերժ Սարգսյանը, այսինքն՝ տեքստ, որը կկարդար Սերժ Սարգսյանը, եթե լիներ վարչապետ ու գնար ինչ-որ միջոցառմանը մասնակցելու: Մարդիկ տեղյակ չե՞ն, թե ինչ քաղաքական համակարգ է այսօր գործում, ինչ փոփոխություններ են եղել»,-հարցադրումներ արեց Նիկոլ Փաշինյանը, ապա շեշտեց՝ պաշտոնյաների մտածողության փոփոխության խնդիր կա:
Մյուս խնդիրը, ըստ Փաշինյանի, ընդդիմադիր ակտիվիստից պաշտոնյա դարձածների մտածելակերպն է. «Նրանք պետք է գիտակցեն, որ իրենց կարգավիճակը փոխվել է: Մինչդեռ նրանց թվում է, թե հիմա էլ է իրենց գործունեության ոլորտը «ֆեյսբուքի» էջը: Չի կարող այսպես լինել: Մյուս կողմից, ակտիվիստից պաշտոնյա դարձած որոշ անձանց թվում է, թե իրենց պետք է ընդդիմադիր ցույց տան եւ «սնայպերն առած»՝ բոլորին պարտադիր քլնգեն…»:
Վարչապետն անդրադարձավ նաեւ վերջերս աղմուկ հանած պարգեւավճարներին. «ՊԵԿ պարգեւավճարների մասին շատ բան ճիշտ է ասվում: Նախկինում գոյություն ունեցած պարգեւատրման ֆոնդը կիսով չափ կրճատվել է: ՀՀ պետական կառավարման համակարգում ծրարներով աշխատավարձ ստանալու ավանդույթը միշտ ներկա է եղել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ