Սևանում այս օրերին իրականացվում է «Շարժական ART GALLERY» ծրագիրը, որի նպատակն է` նպաստել երիտասարդ արվեստագետների, ստեղծագործողների ինքնաարտահայտմանը, հանրային ճանաչմանը, ինչպես նաև համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը:
Քանի որ Սևանում չկա պատկերասրահ, շարժական պատկերասրահ ունենալու գաղափարը վաղուց էր հասունացել. այն քննարկվել է տարբեր հանդիպումների ժամանակ, սակայն իրողություն դարձավ «ԵՄ-ն հանուն երիտասարդության. հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Սեյվ դը չլիդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության համագործակցությամբ, Եվրամիության ֆինանսավորմամբ:
Դեռևս ամիսներ առաջ, երբ տրվեց ծրագրի մեկնարկը, հանդիպումներ տեղի ունեցան հանրապետության տարբեր համայնքներում, այդ թվում Սևանի համայնքապետարանում: Հանդիպման ընթացքում կարևորվեց երիտասարդական ծրագրերի իրականացման միջոցով երիտասարդների մասնակցության մակարդակը տարբեր ոլորտներում բարձրացնելու խնդիրը, ինչպես նաև ՏԻՄ-ՀԿ համագործակցության ամրապնդումը:
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ողջունեց ծրագրի իրականացումը, մասնավորապես` Սևան համայնքի ընդգրկումը այդ ծրագրում:
Հանդիպմանը հաջորդեց «Երիտասարդ աշխատողների հմտությունների բարելավում» դասընթացաշարը, որին Սևան համայնքից մասնակցեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմի մասնագետ Անի Պետեյանը և ««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի ներկայացուցիչ Մերի Սեդրակյանը:
Մասնակցությանը զուգահեռ նրանք համայնքային քննարկումների արդյունքում նախապատրաստեցին և ներկայացրին ծրագրային փաթեթներ, որոնցից ընտրվեց «Շարժական ART GALLERY»-ին:
Ծրագրի շահառուներն են 16-30 տարեկան արվեստագետները: Ծրագրի իրականացնողներից Մերի Սեդրակյանը նշում է, որ մինչ օրս հավաքել են արվեստագետների բազա, գույքը, որը ներառում է պատվանդաններ և ցուցադրական պատեր, գրեթե պատրաստ է: «Արվեստագետների հետ հանդիպում է նախատեսվում առաջիկայում, այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Մենք սկսում ենք մեր ծրագրի հաջորդ փուլը, որը լինելու է շատ հետաքրքիր ու յուրօրինակ:
Այս ընթացքում թիմի անդամները մասնակցել են արվեստի մենեջմենթի դասընթացի, ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ: Այժմ իրականացնում ենք ծրագրային հաջորդ փուլը. փնտրում ենք երիտասարդ արվեստագետների: Մեր ուղերձը մեկն է` եթե դու ուզում ես, որ բոլորը տեսնեն ու գնահատեն թե ինչքան լավ ես դու նկարում, քանդակում, նվագում, ապա այս նախագիծը հենց քեզ համար է»,- ասում է Մերին:
Երիտասարդ ստեղծագործողների, արվեստագետների վերաբերյալ հավաքվող տեղեկատվությանը կհետևի հանդիպում-քննարկումների անցկացումը:
Անի Պետեյանը հավելում է, որ հենց այդ քննարկումների ընթացքում էլ որոշվելու է, թե ինչ ձևաչափով են կազմակերպելու արվեստագետների աշխատանքների ցուցադրությունները, մշակվելու է ցուցադրությունների ժամանակացույց:
Ինչպես նշում են ծրագրի համակարգողները, շատ կարևոր է երիտասարդների մոտ մոտիվացիայի ձևավորումը:
Քաղաքում չկա պատկերասրահ կամ ցուցադրությունների համար նախատեսված հատուկ տարածք: Այս պատկերասրահը գալիս է լրացնելու այդ բացը, միաժամանակ լինելով շարժական, ընձեռում է գործողությունների և հնարավորությունների ազատություն:
«Սովորաբար մարդիկ են գնում պատկերասրահ, այս դեպքում պատկերասրահն է «գնալու» մարդկանց մոտ, միաժամանակ ցուցադրությունները զուգորդվելու են մշակութային այլ միջոցառումների հետ»,- ասում են ծրագրի համակարգողները:
Եռակողմ ծրագիրը` «ՕքսԵՋեն» հիմնադրամ-Սևանի համայնքապետարան-««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ համագործակցությամբ, տալու է հնարավորություն` երիտասարդների համար բացելու մի նոր պատուհան ինքնաարտահայտման և հանրայնացման ճանապարհին:
Այս ծրագրի շնորհիվ ստեղծվելու է յուրահատուկ համագործակցային ցանց:
Շարժական պատկերասրահի գործարկմամբ առավել հեշտ է գտնել ստեղծագործական նոր լուծումներ, որը հնարավորություն կտա ապահովելու ցուցահանդեսների ինքնատիպությունն ու յուրօրինակությունը:
Երիտասարդ արվեստագետները ոչ միայն կմասնակցեն հանդիպում-քննարկումներին, այլ նաև կհամագործակցեն միմյանց հետ, ինքնաարտահայտման նոր հարթակներ կգտնեն, կկազմակերպեն ցուցահանդես վաճառքներ:
Ծրագրի ընթացիկ աշխատանքներում ներգրավված երիտասարդներն առավել մոտիկից են ծանոթանում համայնքային անցուդարձին ու խնդիրներին` կարևորելով ՏԻՄ-քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը զարգացման ծրագրերում: Սա նաև լավագույն հնարավորություն է ձևավորելու արվեստի նկատմամբ վերաբերմունք, ակտիվացնելու համայնքային մշակութային կյանքը:
Ծրագրի համակարգողները վստահեցնում են, որ պատկերասրահն ունենալու է երկար կյանք: Այն առավել կենսունակ կլինի ամռան ամիսներին: Սա նաև միջհամայնքային համագործակցության հնարավորություն է, որի շնորհիվ առավել մեծ թվով երիտասարդ ստեղծագործողներ կներկայանան կողք կողքի:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ