Ընդ որում, որքան էլ Փաշինյանը հայտարարի, թե մենաշնորհ, կոռուպցիա չկա, ներդրումները 50 տոկոսով աճել են, տնտեսությունն էլի հոգեվարքի մեջ է, որովհետև արդեն եղած խնդիրներին նորերն են գումարվել. գործազրկություն, ներդրումների իրականում ոչ թե աճ, այլ բացակայություն։ Սակայն Փաշինյանն ունի կախարդական փայտիկ, ինքն է ասել, ուրեմն ինչու արագ փոփոխություններ հասարակությունը չի տեսնում, ինչու՞ է ուշանում կախարդական փայտիկի գործադրումը։ Կառավարության ոչ հեղափոխական որակվող ծրագրում ինչու՞ համարձակ քայլեր չկան, չէ՞ որ այս կառավարությունը վերջապես գտել է այն կախարդական փայտիկը, որին այդքան ձգտում էին իր նախորդները։
Այսօր էլ հերթական կառավարության հերթական ծրագիրը քննարկելիս կրկին նույն շեշտադրումներն ենք անում, ծրագիրը դրական ու բացասական որակում, սակայն դրանից դուրս կա տնտեսության իրական վիճակը, որը բացարձակապես չի համընկնում գեղեցիկ փաթեթավորված ու շարադրված ծրագրի հետ։ Մեկ պարզ պատճառով. մեր կառավարությունները միշտ գրել են մեկ բան, բայց արել լիովին այլ բան։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ բացառություն չէ, այս մեկ տարվա ընթացքում հաճախ ենք ականատես լինում ասածի ու արածի տարբերությանը։ Ասում են՝ ներդրումները 50 տոկոսով ավելացել են, բայց ոչ տնտեսության վրա է դա երևում, ոչ մարդկանց կենսամակարդակն է լավանում, ասում են՝ արդարադատությանը չմիջամտելը կառավարության սկզբունքն է, հետո էլ հայտարարում, թե ով է այն դատավորը, որ չի լսի իրենց կամ էլ հայտնի գաղտնալսումը փակում է արդարադատության «բերանը»։ Ասում են՝ սուպերվարչապետությունը լավ բան չէ, բայց հերիք չէ դրանից չեն հրաժարվում, ստեղծում են նաև սուպերնախարարություններ։ Ասում են՝ բաց ու թափանցիկ են աշխատում, բայց զինվորի մահը ամսով թաքցնում են։ Շարքը կարելի է երկար շարունակել, բայց այս դեպքում անգամ կախարդական փայտիկն է անզոր, էլ ուր մնաց կառավարության ծրագիրը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում