Անշարժ գույքի շուկայում, ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած հաշվետվությունից, 2018-ին, 2017-ի համեմատությամբ, գնային որոշակի փոփոխություններ են արձանագրվել՝ անշարժ գույքը թանկացել է։ Մասնավորապես Երեւանի տարբեր վարչական շրջաններում բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները էականորեն աճել են։
Կենտրոնում, օրինակ, եթե 2017-ին 1 քմ-ի համար պետք էր վճարել 465 500 դրամ, ապա 2018-ի դեկտեմբերին՝ 569 հազար դրամ։ Արաբկիրում՝ 2017-ին մեկ քմ-ի գինը կազմել է 350 100 դրամ, 2018-ի դեկտեմբերի դրությամբ՝ 388 000 դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 2017-ին՝ 267 400, 2018-ի դեկտեմբերին՝ 286 200 դրամ։
Մյուս վարչական շրջաններում գնային պատկերը 2018-ի դեկտեմբերի դրությամբ հետեւալն է՝ Նոր- Նորք՝ 250 հազար դրամ, Ավան՝ 260 հազար 500 դրամ, Էրերունի՝ 258 հազար 500 դրամ, Շենգավիթ՝ 254 հազար 200 դրամ, Դավթաշեն՝ 300 հազար դրամ, Աջափնյակ՝ 264 հազար 500 դրամ, Մալաթիա-Սեբաստիա 247 հազար 50 դրամ։ Անշարժ զուքի շուկայական միջին ամենացածր գինը Նուբարաշենում է արձանագրվել՝ 1 քառ. մ մակերեսի հաշվարկով այն կազմել է 173 հազար 200 դրամ։
Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած՝ անշարժ գույքի շուկայի 2018 թ. տարեկան վերլուծության, նախորդ տարի Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ հաշվարկով՝ շուկայական միջին գները 2017-ի համեմատ աճել են 7,2 տոկոսով։ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում է արձանագրվել նաեւ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի ամենամեծ տոկոսը՝ 19,2, ամենացածրը՝ 0,3 տոկոս, Նուբարաշեն ու Նորք-Մարաշ վարչական շրջաններում։ Կենտրոնում բնակարանների գինը 1 տարվա կտրվածքով աճել է մոտ 18,7 տոկոսով։
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում