Ուրցաձորում հիմա էլ կրքերը բորբոքված են։ Երկու-երեք մասի բաժանված համայնքում ամեն թև իր թեկնածուն ունի և առաջ է տանում նրա շահերը։
Համայնքի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ նորմալ է, կրքերը հանդարտվել են, թեև «մինչ ընտրությունը ամեն օրը տարի է թվում»։ «Ամեն ինչ պրծավ, վերջացավ։ Ստի ոտքը կարճ է։ Էդպես էլ պետք է լիներ։ Հիմա սպասում ենք ընտրություններին, ժողովուրդը կորոշի՝ ում ընտրի։ Հիմա ոչ մի բան չեմ կարող ասել։ Ընտրությունը փակ ձմերուկ է, մինչև չավարտվի, չկտրենք, չբացենք, չենք կարող ասել՝ ինչ կլինի»,- ասաց նախկին համայնքապետը։
Ռաֆիկ Անդրեասյանն ասաց, որ ինքը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի կիրառման փորձերի ականատես չի եղել, չի կարող պնդել նաև մարզպետի հովանավորության հանգամանքը, բայց մի բանում վստահ է, որ ժողովուրդը անփորձ թանը փորձած մածունի հետ չի փոխի։ «Ով ուզում է լինի, ժողովուրդը կտա իր գնահատականը։ Ակնկալում ենք նորմալ, հանգիստ ընտրություններ, առանց միջադեպերի»,- եզրափակեց նա։
Համայնքի ղեկավարի ներկայիս պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն էլ հերքեց, թե նախընտրական կրքերը թեժ են․«Ամեն ինչ նորմալ է՝ և՛ ժողովրդի տրամադրությունը, և՛ մթնոլորտը, և՛ քարոզարշավի ընթացքը։ Ամեն ինչ շատ հանգիստ է»։
–Ուզում եք ասել՝ որևէ լարվածություն չկա՞ համայնքում։
-Իհարկե, ոչ։ Բայց դե քաղաքական պայքար է, կարող է որոշակի լարվածություն լինել, բայց դա այն լարվածությունը չի, որի մասին պատկերացում կար Ուրցաձորի մասին ամիսներ առաջ։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում