Սիրիա առաքված հումանիտար առաքելության շուրջ զրուցեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։
– Ասում եք՝ սա հումանիտար խումբ է. ՊՆ խոսնակ Ա. Հովհաննիսյանը նշեց, որ նախաձեռնությունը «իրականացվում է ռուսաստանյան կողմի աջակցությամբ», այնինչ ՊՆ փոխնախարարը նշել է, որ միջազգային որեւէ կոալիցիայի կազմում չի լինելու, դա բացառապես Հայաստանի Հանրապետության կողմից ուղարկվող աջակցություն է»։ Ի վերջո, քաղաքական ի՞նչ կոնտեքստում է խումբը հումանիտար առաքելություն իրականացնելու։
– Կա շահերի համընկնում ե՛ւ Սիրիայի կողմից, ե՛ւ մեր կողմից, ե՛ւ տվյալ դեպքում Ռուսաստանի կողմից։ Կա նաեւ Արեւմուտքի վերաբերմունքը այդ հարցով, որ նրանք ըմբռնումով են մոտենում։ Արեւմուտքի կողմից հայտարարություն եղավ դեկտեմբերին եւ դեսպանատան կողմից ԱՄՆ-ի, այնտեղ շատ հստակ ասվում էր, որ նրանք հասկանում են ՀՀ կառավարության ցանկությունը աջակցել Սիրիայի հայկական համայնքին։ Այնտեղ նաեւ նշվում էր Արեւմուտքի վերաբերմունքը Իդլիբ նահանգում Ռուսաստանի եւ Իրանի գործողությունների հետ կապված։ Կարծում եմ, հիմա որեւէ ուժ, որն այսօր Սիրիայի խնդիրներին մասնակցում է, խնդիր չունի նրա հետ, որ մեր առաքելությունը աշխատի Հալեպում, ուր կա հայկական համայնք։ Այս իմաստով, կարծում եմ, թափանցիկության ու ոչ թափանցիկության խնդիր չկա։ Ընդհանուր առմամբ, դիվանագիտության մեջ թափանցիկության աստիճանը մի փոքր պակաս է լինում։ Ես համոզված եմ, որ մեր դիվանագիտությունը հստակ բացատրում է մեր բոլոր գործընկերներին՝ լինեն դրանք թե՛ հյուսիսում, թե՛ արեւելքում, թե՛ հարավում, թե՛ արեւմուտքում, թե մեր քայլերը ինչ նպատակներ են հետապնդում, եւ ինչ նպատակներ չեն հետապնդում։ Մենք թյուրըմբռնումներ չենք ունենա։ Այն մեկնաբանությունը, որ մենք սա արել ենք, որ իբր ռուսներին դուր գալու համար, լուրջ չի, որովհետեւ նման քայլերը արվում են շատ ավելի լուրջ հիմնավորումներով։
– Անհանգստությունն, ի վերջո, ոչ այնքան այն է, թե ինչպես կարձագանքեն ԱՄՆ-ն կամ եվրոպական պետությունները, այլ այն, թե հումանիտար առաքելություն իրականացնողները ինչ անվտանգային երաշխիքներ ունեն, կա՞ արդյոք այդ երաշխիքների իրավական ամրագրումը։
– Ես համոզված եմ, որ գործադիր իշխանությունը ամեն ինչ անելու է, որպեսզի ապահովի մեր հումանիտար առաքելության անդամների անվտանգությունը: Ինձ թվում է՝ ՊՆ-ի փոխարեն ես այս հարցին ճիշտ չի լինի, որ պատասխանեմ։ Համոզված եմ, որ խորհրդարանը այդ գործընթացները պահելու է իր ուշադրության ներքո, եւ եթե որեւէ խնդիր լինի, վստա՛հ եղեք, որ այն կբարձրաձայնվի։
Զրուցեց Մարիամ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում