Խորհրդարանում քննարկման դրված կառավարության ծրագրի շուրջ «Իրատեսը» զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, տնտեսագետ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր է: Դուք տեսե՞լ եք տնտեսական հեղափոխության հիմքերը, և որո՞նք են դրանք:
-Կառավարության ծրագիրը հեղափոխական կլիներ, եթե հստակ նախանշվեին այն բևեռները, որտեղ հիմնարար ուսումնասիրություններ են կատարվել, ձևակերպվել են մի շարք խնդիրներ և մշակվել են ամբողջական լուծումներ: Օրինակ` եթե գրված լիներ՝ փոխելու ենք միջքաղաքային և ներհամայնքային տրանսպորտային համակարգը, սահմանելու ենք հստակ չափորոշիչներ ուղևորատար, բեռնատար, երկաթուղային, ավտոմոբիլային տրանսպորտային համակարգի գործունեության համար կամ գյուղացիական տնտեսությունները պետության հոգածության ներքո ենք առնելու, գոտիավորելու ենք դրանք, ներդնելու ենք այնպիսի համակարգ, որ բերքը բավարարի ներքին սպառման համար, ներդնելու ենք գյուղատնտեսության պետական ապահովագրական համակարգ, ապա վստահորեն կարող էինք ասել` ծրագիրը հեղափոխական է: Կառավարության ծրագիրը պետք է լիներ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ` գործողությունների չափելի արդյունքներով: Այդ պարագայում առաջարկված ծրագրի և կատարված գործողությունների միջև հնարավոր կլիներ համեմատություն կատարել:
-Իշխանության ներկայացուցիչները հակադարձում են, ասելով, թե կառավարության 5-ամյա ծրագրերը սովորաբար այդ տեսքն են ունենում, իսկ թվերը, գործնական քայլերը տարեկան բյուջեում են ներկայացված լինում: Այս տարվա բյուջեն հաստատված է, ինչը վարչապետը որակեց իներցիոն: Ստացվում է` այս տարի իներցիայո՞վ ենք ապրելու:
-Այդպիսի հակադարձումներին պետք է հումորով վերաբերվել: Հնգամյա ծրագիրը ռազմավարական բնույթ ունի, իսկ բյուջեն, որպես տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթ, պետք է անելիքների չափն ու մարտավարական քայլերն արտահայտի հենց հնգամյա ծրագրի տիրույթում, ինչից էլ պետք է բխեն ապագա օրենքները: Իսկապես խնդիր է, երբ ծրագրի ամեն պարբերության վերջում ինչ-որ ականջահաճո նախադասություն է գրվում, և դա որակվում է որպես վերջնարդյունք: Կառավարության ծրագիրը, հավանաբար, կգովերգվի ԱԺ-ում ու կընդունվի ձայների մեծամասնությամբ, բայց դրանից ծրագրի որակը չի փոխվի: Այնպիսի ծրագիր է գրվել, որը քաղաքական պատասխանատվություն չի ենթադրում: Իշխանությունները հետագայում կարող են ասել, թե մենք մեր ծրագրում ասել էինք, որ քաջալերում ենք աշխատանքն ու արժանապատիվ կյանքը, ասել էինք, որ ՀՀ-ում չպիտի լինի բազմաչափ աղքատություն, բայց որ այդ ամենը կա, դրա միակ մեղավորը դուք եք, ոչ թե իշխանությունը: Խոսվում է մեր քաղաքացիների համար հավասար մեկնարկային պայմանների ապահովման մասին, բայց, փաստորեն, պահում են կենսաթոշակների կուտակային բաղադրիչը: Սա արդեն անհավասարաչափ է, քանի որ հասարակությունը բաժանված է երկու մասի՝ համակարգի մաս կազմողները և չկազմողները: 2019 թվականի բյուջեն իներցիոն կոչելը իսկապես ճիշտ բնութագրում էր, բայց մի բան հստակ է. դատելով ծրագրի անչափելիությունից` իներցիոն է նաև կառավարության ծրագիրը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում