«Առանցքային է ՀՀ տնտեսության ներառականությունը: Տնտեսական աճի մոդելը մեծ կախվածություն ունի մեծ ընկերություններից, որոնց ղեկավարների տրամադրությունն էական նշանակություն կարող է ունենալ տնտեսության վրա: Մեր նպատակն՝ է ստեղծել տնտեսության այնպիսի մոդել, որում ՀՆԱ-ի վրա մեծ ընկերությունների ազդեցությունը կլինի հնարավորինս ապակենտրոնացված»,-7-րդ գումարման ԱԺ-ում այսօր ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա բնորոշմամբ՝ սա չի նշանակում, թե բացասական են վերաբերվում խոշոր ընկերություններին. «Հույս ունենք, որ նրանց թիվը կմեծանա, բայց մեկ ընկերության ազդեցությունը էական չի լինի եւ հավասարակշռված կլինի՝ մյուսների գործունեության հետ համեմատած: Մեր նպատակն է նաեւ փոքր բիզնեսի աճի հնարավորություններ ստեղծելը: Քաղաքացիները չեն զգում տնտեսական աճի ազդեցություն, ուստի մեզ պետք է տնտեսության զարգացում, մեծացող ընկերությունների եւ մարդկանց գործունեության արդյունք: Կառավարությունը նպատակ ունի հինգ տարում հասնել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, աշխատավարձերի եւ թոշակների աճին, արտահանման տեմպերի ավելացմանը»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018թ. ԱԺ ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է տնտեսական հեղափոխություն իրականացնելու մանդատ. «Իշխանությունն ունի բավարար կամք՝ նման խնդիրներ իրականացնելու համար: ԱԺ բարձր ամբիոնից ՀՀ քաղաքացու առաջ ազդարարում եմ համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը: Հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի եւ կլանային ռեժիմի դեմ պայքարում, նա կհաղթի նաեւ գործազրկության եւ աղքատության դեմ պայքարում»:
Վարչապետը նկատեց՝ հարց կառաջանա, թե ինչպես իրականացնել տնտեսական հեղափոխությունը. «Պատասխանը տրված է կառավարության ծրագրում: Գաղափարական հենքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որի հիմքում «ՔՊ» հանրային հարթակի նախընտրական ծրագիրն է: 2013թ. հիմնված ՔՊ հանրային միավորմանը հինգ տարի պետք եղավ՝ ՀՀ-ում թավշյա հեղափոխություն իրականացնելու համար: Մեր ուղերձն այն է, որ հանրային վերափոխման հասնելու համար ամեն անձ պետք է վերափոխվի: Անհատական ջանքն է ցանկացած ոլորտի փոփոխության սկիզբը: Մեզ մեղադրեցին կեղծ ընդդիմություն լինելու եւ ծախվածության մեջ, բայց մենք ամուր կանգնեցինք եւ ՀՀ քաղաքացուն կոչ արեցինք ի ցույց դնել փոփոխությունների ցանկությունը, իսկ մենք հարթակ կտրամադրենք դրա համար»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրենք ապացուցել են նախկին իշխանությունների եւ որոշ ընդդիմադիրների սնանկ լինելը եւ դարձել են ՀՀ հպարտ քաղաքացու հաղթանակի երաշխավորը՝ նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին. «Այդ հաղթանակի համար զինված հարձակման անհրաժեշտություն չեղավ: Մեր հեղափոխական տեխնոլոգիաներից էր սոցիալական ցանցը՝ ուղիղ եթերի հնարավորությունը, եւ բաց ձեռքերի սիմվոլիկան: Մարտի մեկ տեսած հանրությանն այն օգնեց հաղթահարել վախը բռնության հանդեպ: Մարդիկ հասկացան, որ դժվար է բռնություն գործադրել բաց ձեռքերը ցուցադրող մարդկանց հանդեպ: Մենք կիրառեցինք նաեւ օնլայն դրամական փոխանցումների հնարավորությունը եւ իրականացրինք մարդկության պատմության ամենաոչծախսատար հեղափոխությունը: Մյուս տեխնոլոգիան ապակենտրոնացվածությունն էր՝ ամեն քաղաքացի ինքն էր իրագործում իր գործողությունները: Սերժ Սարգսյանի իշխանությունը չգիտեր՝ ո՞ւմ դեմ, որտե՞ղ պայքարել եւ ինչպե՞ս»:
ՀՀ վարչապետը հավելեց, որ նախատեսվելիք տնտեսական հեղափոխության գաղափարական հենքը նույնն է, ինչ քաղաքական հեղափոխությանը. «Վերջինս հնարավոր դարձավ միայն նրա շնորհիվ, որ քաղաքացին փոխեց քաղաքական վարքագիծը, մենք էլ քաջալերեցինք: Իսկ տնտեսական հեղափոխությունը կհաղթի այն ժամանակ, երբ քաղաքացին փոխի տնտեսական վարքագիծը: Կառավարությունն իր անելիքը տեսնում է այդ վերափոխված վարքագիծը քաջալերելու մեջ: Հենց սրա մեջ է կառավարության այդքան քննադատված ծրագրի էությունը եւ սա է պատճառը, որ այն հարուստ չէ թվերով: Նույն կերպ թվեր չկային ՔՊ-ի հիմնադիր-փաստաթղթում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ