Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՅԴ. Կառավարության ներկայացրած ծրագիրը բավարար նախադրյալներ չի ապահովում «Զարգանալ՝ չզիջելով» կենսական սկզբունքի իրացման համար

Փետրվար 12,2019 10:52

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը կառավարության ծրագրի և կառուցվածքի վերաբերյալ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարությունը կազմավորվեց` Սահմանադրության և օրենքի կամայական մեկնաբանությամբ, հիմք ընդունելով առաջիկայում իրականացվելիք կառուցվածքային փոփոխությունների մտադրությունը, իսկ իրականում մի շարք նախարարությունների գործունեության չհիմնավորված (սպասվելիք) դադարեցումը:

Հակառակ իշխող ուժի հնչեցրած մոտեցումներին և հանձնառություններին՝ կառավարության ծրագիրը չի անդրադառնում քաղաքական համակարգի բարեփոխումներին, անմիջական ժողովրդավարությանը, մամուլի և խոսքի ազատությանը, ընտրական համակարգին, սուպերվարչապետության վերացմանը: Մի կողմից անտեսվել են խոստացված բարեփոխումները, մյուս կողմից՝ փորձ է արվում կառավարությունը փոխարինել վարչապետով` գերկենտրոնացնելով կոլեգիալ կառավարման մարմնի լիազորությունները, ինչը կարող է վտանգել երկրի ժողովրդավարական զարգացման հեռանկարը:

Ծրագիրը բավարար անդրադարձ չի կատարել ազգային անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորման մեխանիզմներին:

Բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման և Սփյուռքի հետ կապերի ոլորտներում:

Նեոլիբերալ գաղափարախոսությունից բխող, կրավորական սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, հակասելով Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական շուկայական տնտեսակարգին, չի կարող Հայաստանում անհրաժեշտ տնտեսական զարգացում և սոցիալական արդարություն ապահովել: Ազգային արդյունքի բաշխման և սոցիալական արդարության հիմնահարցերի անտեսումը մեծացնելու է հասարակության բևեռացումը, խորացնելու է հարուստների և աղքատների միջև գոյություն ունեցող անդունդը՝ վտանգելով հասարակության համերաշխությունը:

Թեև կառավարությունն իր առջև նպատակ է դրել իրականացնել «տնտեսական հեղափոխություն», սակայն ծրագիրը չի պատասխանում, թե ի՞նչ է հասկացվում այդ եզրույթի տակ, ինչպե՞ս է այդ «հեղափոխությունն» իրականացվելու և ի՞նչ արդյունք է այն արձանագրելու: Տնտեսության տարեկան 5% ակնկալվող աճը, որն արձանագրված է ծրագրում, բավարար չէ կառավարության տնտեսական քաղաքականությունը հեղափոխական կոչելու համար:

Ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու և հանրությանը հաշվետու չլինելու մոտեցմամբ` հակասելով իշխող ուժի բազմիցս հնչեցրած հավաստիացումներին: Ծրագրում բացակայում են կոնկրետ թիրախներ, հանրային կյանքի որակի բարելավումը բնութագրող նպատակադրումներ և ժամկետներ, գերիշխում են դեկլարատիվ բնույթի հայտարարություններ: Այն պարունակում է ներքին հակասություններ ունեցող բազմաթիվ մտքեր:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն արձանագրում է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը բավարար նախադրյալներ չի ապահովում «Զարգանալ՝ չզիջելով» կենսական սկզբունքի իրացման համար, և այն գնահատում է ժամանակի մարտահրավերներին ոչ համարժեք:

Վերը նշված ամփոփ գնահատականների մանրամասներն ու հիմնավորումները ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կներկայացնի առանձին հարցազրույցներով և հրապարակումներով:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
12.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728