«Շատ գեղեցիկ է գրած, կամեցողություններով, ցանկություններով լի»,- այսպիսի տպավորություն ունի կառավարության ծրագրից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Բայց սրանից բացի, Ծառուկյանն ասաց. «Չեմ թաքցնում, կան 2-3 դրույթներ, որը իրականացման դեպքում ժողովուրդը դրական փոփոխություններ կզգա իր կյանքում: Մենք ելույթներ ենք ունենալու, այնտեղ կասենք, կիմանաք»:
Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ դրական է գնահատականը եւ ձեր խմբակցությունը կողմ կքվեարկի՝ Ծառուկյանը պատասխանեց. «Այսօր հեղափոխություն է եղել, բայց պետք է լինի տնտեսական հեղափոխություն: Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի: Եթե չփոխվի, ուրեմն մենք դրան կողմ քվեարկել չենք կարող»:
Հարցին՝ ի՞նչն եք ուզում փոխվի, նա պատասխանեց. «Համապատասխան ելույթները կտեսնեք»: Թե ի՞նչը հեղափոխական չի համարում Ծառուկյանը՝ ասաց. «Բոլորիդ ասեմ՝ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները եւ մեխանիզմը, որը այսօր բացակայում է: Որեւիցե թիվ, որ ասենք թե 2019-ին ինչ աղբյուրներից պետք է դրվի, ինչ ժամկետում եւ ի՞նչ մեխանիզմով պետք է դա իրականացվի»:
Հարցին՝ ներդրումների համար հիմք չե՞ք տեսնում, դա՞ եք ասում՝ Ծառուկյանը պարզաբանեց. «Ցանկացած կառավարության ծրագրի համար անհրաժեշտ է գումարներ դնել, գումարներ: Առանց գումար տնտեսական աճ, զարգացում չի կարող լինել: Ներդրումը դա, ասենք թե, դնում է անհատական մարդը՝ իր բիզնեսը զարգացնելու համար: Ներդրման համար, որ գրված է 15-20 տոկոս աճ լինի, հենց այնպես ներդրում չի կարող լինել: Մենք չենք կարող հենց այնպես գնանք մարդկանց խնդրենք, ասենք՝ դրեք: Անհրաժեշտ է օրենքներ փոխվի, պայմաններ, ամբողջ աշխարհում հրապարակվի, որ նոր կառավարությունը Հայաստանում ներկայացնում է այսպիսի ծրագրեր, արտոնություններ, նպաստավոր պայմաններ ներդրումների համար: Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն բոլոր երկրներում ինչ պայմաններ է, մերը պետք է ավելի լավը լինի, ավելի արդյունավետ, որ ներդրողները գան»:
Aravot.am-ի հարցին՝ ըստ ձեզ, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, «դուխով» ծրագիր չբերեց՝ Ծառուկյանը պատասխանեց. «Որ այսօր քաղաքական հեղափոխության համար անհրաժեշտ է դուխ եւ կամք, իսկ տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, փողի աղբյուրը, ժամկետը եւ մեխանիզմը, որ այսօր բացակայում է այս ծրագրում»:
Լրագրողները եւս մեկ անգամ ճշտեցին՝ այս տեսքով դե՞մ եք քվեարկելու ծրագրին՝ Ծառուկյանը պատասխանեց. «Աղջիկ ջան, կարող ա՞ 700 անգամ կրկնեմ»: Մեր դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրում էլ էր բացակայում այդ ամենը, բա ինչո՞ւ կողմ քվեարկեցիք՝ Ծառուկյանը չարձագանքեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ