Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կգնա՞ Փաշինյանը Մյունխեն, սա դեռևս բաց հարց է. «Ժամանակ»

Փետրվար 12,2019 10:12

Մյունխենի անվտանգության համաժողովը լինելու է փետրվարի 15-17-ին, և ըստ համաժողովի ղեկավար Վոլֆգանք Իշինգերի, այն ամենակարևորն ու ամենամեծն է վերջին 50 տարում: Մյունխենի համաժողովին մասնակցություն չի ունենա նաև ՌԴ նախագահ Պուտինը: Հայտնի է, որ փետրվարի 14-ին Պուտինը Սոչիում Վեհաժողովին կմասնակցի՝ Սիրիայի հարցով, Թուրքիայի և Իրանի նախագահների հետ:

Նրանցից որևէ մեկը Սոչիից կմեկնի՞ Մյունխեն, դեռ պարզ չէ: Այդպիսով, փետրվարի 13-17-ի ժամանակահատվածում տեղի կունենա միջազգային անվտանգության հարցերի երեք, այսպես ասած, տարբեր կալիբրի՝ մեծ, միջին և փոքր համաժողովներ, որոնցից երկուսին Հայաստանը չի մասնակցի հաստատ՝ Սոչիի եռակողմ հանդիպմանը, ու, թերևս, Վարշավայում ամերիկա-լեհական համաժողովին, քանի որ այնտեղ, մեծ հավանականությամբ, օրակարգի զգալի մասը կլինի հակաիրանական: Իսկ ահա կգնա՞ Փաշինյանը Մյունխեն, սա դեռևս բաց հարց է: Ընդ որում, այն դիտարկվում է առավելապես այն համատեքստում, թե արդյո՞ք այնտեղ կլինի նաև Ալիևը, և ըստ այդմ՝ արդյո՞ք կլինի Փաշինյան-Ալիև նոր հանդիպում: Մյուս կողմից, արդյո՞ք դրանով կարող է պայմանավորված լինել Փաշինյանի այցը Մյունխեն, տարբեր վարկածներով՝ հանդիպելու, չհանդիպելու: Այստեղ, սակայն, պետք է Հայաստանի մասնակցության աստիճանի հարցը դիտարկել ավելի լայն համատեքստում, քան հայ-ադրբեջանական հարցը կամ Փաշինյան-Ալիև հանդիպումը:

Ի վերջո, Հայաստանի համար առանցքային ռազմավարական խնդիրներից է և այն, որ միջազգային անվտանգության համակարգում, միջազգային հարաբերությունների մակարդակում մենք «պահանջված» չլինենք միայն հայ-ադրբեջանական թեմայով, և մեզանում էլ պահանջարկը կամ ուշադրությունը չպարփակվի այդ թեմատիկայով: Առավել ևս, որ նաև այդ հարցերում մեր մրցունակության և էֆեկտիվության հարցը էապես կախված է այն բանից, թե ինչքանով կկարողանանք լայնացնել միջազգային հանրության հետ մեր հարաբերության օրակարգի շրջանակը: Ի դեպ, այդ իմաստով հատկանշական քայլ կարող է դիտվել Սիրիայում մարդասիրական առաքելությունը, որը ապահովում է հայկական պետական ներկայություն միջազգային կարևորագույն ճամփաբաժան-խնդիրներից մեկում: Սակայն դա, իհարկե, կարևորագույն, բայց մեկ օրինակ է, իսկ Հայաստանը օրակարգը պետք է ընդլայնի անշուշտ տարբեր ուղղություններով: Եվ մյուս կողմից էլ, իհարկե, հենց այս առումով պետք է չափվի Հայաստանի մասնակցության աստիճանի հարցը: Այսինքն՝ առաջնայինը այն չէ՝ մասնակցում ենք Առաջին դեմքով, թե ոչ: Այլ այն, թե ինչ ասելիքով և ինչ առաջարկով ենք մասնակցում: Ընդ որում, խոսքն ամենևին համաժողովի ամբիոնից հնչող ելույթների մասին չէ, որովհետև Հայաստանի նոր առաջարկները Մյունխենում կարող են և խմորվել կուլիսներում, լոկալ շփումների մակարդակով, հունցվելով և հասունանալով այլ առիթներով արդեն ամբիոններից հնչեցնելու համար:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728