Վարդենիսի քաղաքապետի թեկնածու Գևորգ Սիմոնյանի կողմնակիցներն այսօր փակել էին Վարդենիս-Երևան ավտոմայրուղին եւ պահանջում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականը: Նրանց պնդմամբ Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, որոնք ըստ իրենց համակուրսեցիներ են, խոչընդոտում են իրենց քարոզարշավը:
Մասնավորապես, նրանք դժգոհում են, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իրենց թեկնածուին արգելում է քարոզարշավ անցկացնել բժշկական կենտրոնում, իսկ դրա փոխարեն իր թեկնածությունը նույնպես առաջադրած Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը նույն ԲԿ-ում քարոզարշավ անցկացրել է:
Արամ Մելքոնյանն էլ պարզաբանել էր, թե իր այցը Վարդենիսի բժշկական կենտրոն աշխատանքային քննարկման նպատակով է եղել, այլ ոչ թե քարոզարշավ իրականացնելու:
Վարդենիսի քաղաքապետի ինքնաառաջադրված թեկնածու Գեւորգ Սիմոնյանի կողմնակիցներին հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա տեղում լսել է նրանց բողոքը եւ պահանջները, խոստացել դրանք կարճ ժամանակում ուսումնասիրել եւ համապատասխան լուծումներ գտնել: Իսկ մինչ այդ պատգամավորը հորդորել է բացել պետական կարեւորություն ունեցող ճանապարհը: Նրա խնդրանքը բավարարվել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ