Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ֆինտեխ ստարտափը ջնջում է ավանդային շուկայի սահմանները

Փետրվար 11,2019 22:55

Հայլենդը օնլայն ավանդային հարթակ է, որը հնարավորություն է տալիս զարգացած երկրների քաղաքացիներին ավանդներ ներդնելու զարգացող երկրների բանկերում և ստանալու տասնյակ անգամ բարձր եկամուտներ ամերիկյան ու եվրոպական շուկաների համեմատ: Որպես առաջին թիրախավորված երկիր՝ Հայլենդն ընտրել է Հայաստանը, և սկսում է համագործակցել հայկական մի քանի բանկերի հետ:

Համագործակցող երկրներն ու բանկերն ընտրվում են ֆինանսական, սոցիալ-տնտեսական, շուկայական և անգամ քաղաքական կայունության մի շարք գործոնների ուսումնասիրության արդյունքում: Մոտակա մի քանի տարում ստարտափը նախատեսում է իր գործունեությունը ընդլայնել Կենտրոնական և Արևելյան Ասիայի մի շարք երկրներ՝ հնարավորություն տալով ուղղակիորեն ներգրավել միլիարդավոր դոլլարներ:

Ինչպես հայտնում է կազմակերպության գործադիր տնօրեն Հայկ Մանուկյանը՝ ծրագիրն ունի նաև սոցիալական ուղղվածություն. «Մի շարք երկրներում, ինչպիսին օրինակ Հայաստանն է, ֆինանսական ռեսուրսների սահմանափակությունը խոչընդոտում է տնտեսական կայուն աճին և ֆինանսական համակարգի արդյունավետությանը: Ակնհայտ է, որ երկրի ֆինանսական համակարգի պարտականություններից են պետական ծրագրերի ֆինանսավորումն ու շուկայի իրական հատվածի հետ համագործակցությունը: Ուղղակի միջանցք հանդիսանալով այդօրինակ երկրների բանկերի և միջազգային շուկայի միջև՝ հնարավորություն կընձեռնվի ներգրավելու լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ, որոնք զգալիորեն կնպաստեն այդ երկրներում տնտեսական առաջընթացին, ռազմավարական ծրագրերի ֆինանսավորմանը, բանկերի բարձր լիկվիդայնության ու մրցունակության ապահովմանը»:

Նշենք, որ Հայլենդը հիմնադրվել է անցած տարի համահիմնադիրներ Հայկ Մանուկյանի և Արուսյակ Խուդավերդյանի կողմից: Ֆինանսական շուկաներն ու բանկային համակարգերն ուսումնասիրելով՝ ակնհայտ դարձավ, որ զարգացած երկրներում կա ֆինանսական ռեսուրսների գերկուտակում, որը հանգեցնում է փողի ոչ արդյունավետ շրջանառությանը, և հավելյալ արժեք չի ստեղծվում ո՛չ տնտեսության, ո՛չ էլ ներդրողի համար: Եվ ընդհակառակը՝ տեղական շուկայի փոքրության և այլ շուկաներից գումարներ ներգրավելու սահմանափակության պատճառով՝ զարգացող երկրների բանկերը առաջարկում են բարձր եկամտաբերություն: Գաղափար առաջացավ ստեղծելու կամուրջ, որը կկապի այս երկու ափերը, կվերացնի արհեստականորեն ստեղծված ֆինանսական սահմաններն ու կհանգեցնի ֆինանսների ազատ և արդյունավետ շրջանառությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728