2019 թվականի փետրվարի 8-ի ՀՀ Կառավարության արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։
Արդյոք իրականում այդպե՞ս է։
Նախորդ հոդվածում և հարցազրույցների ժամանակ արդեն խոսել եմ այն մասին, որ այսօր Հայաստանում տնտեսական հեղափոխության իրականացման անհրաժեշտություն չկա։ Անցավ որոշակի ժամանակահատված տնտեսական հեղափոխության ծրագրի ներկայացման սպասումով։
Ըստ Վարչապետի՝ Կառավարության ծրագիրը հանդիսանում է տնտեսական հեղափոխության սկիզբը։ Իշխանության ներկայացուցիչները ևս փորձում են հաստատել վարչապետի խոսքերը։
Օրինակ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է՝ «Հայտարարվել է, որ արտահանման տեսակարար կշիռը պետք է հասնի 43-45%։ Դա հնարավոր է միայն տարեկան 8-10% աճի դեպքում, որը բավականին հավակնոտ նպատակ է»։
Կառավարության ծրագրում սահմանված է ոչ հավակնոտ 5%, և այդ թիվը հաստատ «հեղափոխական» ցուցանիշ չէ։ Օրինակ, որպես տեղեկություն՝ 2017 թվականին աճը կազմել է 7.7%։ 8-10% նպատակը հեղափոխական չէ, բայց հավակնոտ է բառի լավ իմաստով, և ամբողջ հասարակությունը պետք է ջանք գործադրի այդ ցուցանիշներին հասնելու համար։
Այնուհետև, տվյալ հարցազրույցի ժամանակ պարոն նախարարն ասում է հետևյալը՝ «Տնտեսական հեղափոխության իմաստը կայանում է նրանում, որ բոլոր քաղաքացիները, գործարարները կստանան հավասար պայմաններ իրենց գաղափարներն ազատորեն կյանքի կոչելու և ստեղծագործելու համար»։
Ընդհանրապես ժողովրդավարական երկրներում դա քաղաքացիների բնական իրավունքն է, որը մեր երկրում ոտնահարված էր նախկին իշխանությունների օրոք, և դա քաղաքացիներին վերադարձնելը բնականոն գործընթաց է՝ քաղաքացիների կողմից ընտրված վարչապետի համար։ Եթե դա այդպես չէ, ապա ինչի՞ համար են քվեարկել քաղաքացիները։ Հարկավոր չէ տնտեսական հեղափոխություն կոչել մի բան, որը սահմանված է Սահմանադրությամբ։
Ազգային Ժողովում իշխանությունը ներկայացնող մեկ այլ ներկայացուցիչ՝ Բաբկեն Թունյանը (ԱԺ տնտեսական հարցրի մշտական հանձնաժողովի նախագահ), հայտարարեց, որ հեղափոխությունից հետո հասարակության մեջ դրական սպասումները շատ էին, և մարդիկ սպասում էին չափազանց արագ, մեծ փոփոխությունների, և այսօր շատերի մոտ որոշակի հիասթափություն կա, որովհետև նրանք այդ սպասված արագությունը չեն տեսնում։ Դժվար է չհամաձայնել ասվածի հետ։ Հարկավոր է զարգացում, և դա հեղափոխություն չէ, այլ էվոլյուցիա։ Ակնհայտ է, որ տնտեսական հեղափոխություն եզրույթից դժվար է հրաժարվել, բայց հիմնավորել, որ դա հենց այդպիսի հեղափոխություն է, այնքան էլ չի ստացվում։
Այժմ դիտարկենք առաջադեմ ոճ ունեցող Ծրագրի մի քանի կոնկրետ դրույթներ․․․
Ուսումնասիրելով «Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսությունը» և «Բարձր տեխնոլոգիաները, թվայնացումը և ռազմարդյունաբերությունը» գլուխները և կատարելով վերլուծություն՝ թույլ կտամ ինձ կատարել մի քանի եզրակացություն, որոնցից առաջինը վերաբերում է ազատ գործարար միջավայրի ստեղծման, բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների և գործարարության ոլորտում ավելի շատ թվով (քան նախկինում էր) մարդկանց ներգրավման վերաբերյալ հռչակագրին, որը, իհարկե, ողջունելի է։
Հայտարարված նպատակը՝ աշխատատեղերի ստեղծում և աշխատավարձերի բարձրացում։ Դժվար թե գտնվեն մեծ թվով քաղաքացիներ, ովքեր դեմ կլինեն այս նպատակի իրականացմանը։ Բնական հարց՝ ինչպե՞ս դրան հասնել արագ «հեղափոխության» տարբերակով։ Կարգախոսներով հնարավոր չէ հասնել աշխատատեղերի ավելացման և աշխատավարձերի բարձրացման։
Ծրագրում նշվում է հետևյալ հիմնադրույթը՝ «տնտեսական զարգացմանը պետք է ավելի մեծ թվով քաղաքացիներ մասնակցեն, իսկ արդյունքները պետք է բաշխվեն հավասարաչափ»։ Հարց է առաջանում՝ ու՞մ միջև և ի՞նչ տարբերակով։ Այսինքն` ստացվում է, որ կարևոր չէ, թե ով և որքան գիտելիք, ժամանակ ու ֆինանսական միջոցներ է ներդրել եկամտի ստեղծման համար և որքան տաղանդավոր է, միևնույնն է նա կստանա նույն բաժնեմասը, ի՞նչ մյուսները։ Դժվար թե այս ամենից հետո կարելի է ակնկալել ներդրումների հոսք տնտեսության մեջ, կամ գործարարության ստեղծման և զարգացման ցանկություն։ Հաջորդ հիմնադրույթը, որի մասին նշվում է, հետևյալն է՝ «Որակապես նոր՝ մրցունակ աշխատատեղերի ստեղծումը պետք է դառնա մասնավոր հատվածի գործարար ծրագրերին Կառավարության աջակցության հիմնական չափորոշիչներից մեկը։ Զբաղվածությունը քաղաքացուն պետք է երաշխավորի արժանապատիվ եկամուտներ»։
Սակայն վերոնշյալ երկու հիմնադրույթները հակասում եմ միմյանց։
Եթե արժանապատիվ եկամուտը բաշխվի համապատասխան ներդրմանը ոչ համարժեք, ապա այն դադարում է լինել արժանապատիվ։ Որոշումը պետք է լինի հետևյալը՝ ապահովել իսկապես հավասար և արդարացի պայմաններ գործարարությամբ զբաղվելու համար, իսկ գանձվող եկամտի մի մասը հարկերի տեսքով ուղղել թոշակառուների, երեխաների, հաշմանդամների և սոցիալապես չպաշտպանված այլ խմբերի աջակցությանը և բաշխել հավասարաչափ նույն խմբերի միջև։
«Մրցունակ և մասնակցային տնտեսությունը» ենթագլխում նկատվում է Հայաստանի տնտեսության զարգացման սկզբունքների շարունակականություն՝ արտահանման կոշմնորոշումը և ՏՏ ոլորտի դերը, որպես առաջատարի։ Դա հեղափոխական մոտեցում չէ, այլ առաջադիմական, և նշանակում է՝ չի համապատասխանում իշխանության հռետորաբանությանը, ներկայումս մեր երկրին անհրաժեշտ է զարգացում։ Հատկապես, որ Հայաստանը դեռ մի քանի տարի առաջ է բռնել արտահանման ուղղվածություն ունեցող քաղաքականության ուղին։ Իհարկե, պետք է արձանագրել, որ նոր իշխանություններն իրենց համարում են այս ուղու իրավահաջորդը և պատրաստ են էլ ավելի ակտիվ զարգացնել այդ ուղղությունը։ Ծրագրում արտահանմանն անդրադարձ է կատարվում «Արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ» ենթագլխում, որն ամբողջությամբ արդեն իսկ օգտագործված կամ հետաձգված գործիքակազմի թվարկումն է, ինչպես օրինակ «Հայաստան» ապրանքանիշի ստեղծումը։ Ենթադրում եմ այստեղ ճշգրտման կարիք կա, սա «Հայաստան» ապրանքանիշ չէ, այլ՝ «Պատրաստված է Հայաստանում»։ Իշխանությունները պետք է ուսումնասիրեն այդ ապրանքանիշի ստեղծման պատմության քննարկումները՝ բոլոր դրական և բացասական կողմերով։
Որպես օրինակ՝ «Ապրանքներ Հայաստանից» ապրանքանիշը ՌԴ-ում ունի ավելի քան 10-15 տարվա պատմություն և այն ստեղծվեց ինքնուրույն ու ինքնաբուխ։ Պարզապես ինչ-որ մեկը կռահել էր իր խանութում փակցնել «Ապրանքներ Հայաստանից» գրառումը։
Եթե Կառավարությունն իսկապես պատրաստ է աշխատել այսպիսի ապրանքանիշի ստեղծման ուղղությամբ, ապա, ենթադրում եմ, որ շուտով կներկայացվեն ծրագրի մանրամասները։ Պարզ ասած՝ «Արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ» ենթագլուխն ամբողջությամբ ընդհանրապես «հեղափոխական» չէ։
Ընթերցելով հետևյալ հիմնադրույթը՝ «Այդպիսի քաղաքականությունն ուղղված է լինելու մասնավոր ձեռնարկությունների համար մեծ նշանակությամբ՝ ներքին և արտաքին գործոնների կառավարման այնպիսի մեխանիզմների ձևավորմանը, որոնք նպաստելու են կազմակերպությունների երկարաժամկետ մրցունակության բարձրացմանը», հարց է առաջանում՝ դա ի՞նչ մեխանիզմ է։ Եթե իշխանությունները պատրաստ են տրամադրել այդ մեխանիզմի մանրամասները, ապա մենք պատրաստ ենք ամենաակտիվ մասնակցությունն ունենալ մեր գիտելիքների ներդրմամբ՝ փորձաքննության և մեր տեսլականի առաջարկների համար։
Իշխանությունն ինչպիսի՞ նոր գործիքակազմ ունի Հայաստանում մրցունակության բարձրացման համար։
«Ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման» ենթագլխում խոսվում է պետական-մասնավոր հատվածի համագործակցության արագացման ցանկության մասին։ Դրական է այն, որ դիտվում է մասնավոր-պետական համագործակցության անցման ձգտում նախկինում ասված «մենք կհաղթենք կոռուպցիային, իսկ գործարարներն իրենք թող մտածեն, թե որտեղ և ինչպես ներգրավեն ներդրումներ» հիմնադրույթի փոխարեն։
Ըստ մեր կուսակցության՝ մասնավոր-պետական համագործակցությունը հարկավոր է վերականգնել, բացահայտել խնդիրները, իսկ հետո արդեն մտածել զարգացման ու արագացման մասին։
Իշխանությունները պետք է հասկանան, իսկ այնուհետև արդեն հասցնեն գործարար աշխարհին, որ ակնթարթային, հեղափոխական ու լայնամասշտաբ հաղթանակներ չեն լինելու, այլ հարկավոր է ամենօրյա քրտնաջան աշխատանք՝ երկրի կայուն, բարձր տեխնոլոգիաներով զինված տնտեսության ստեղծման համար։ Եվ այս աշխատանքը փոխադարձ է։
Ծրագրի «Բարձր տեխնոլոգիաները, թվայնացումը և ռազմարդյունաբերությունը» գլխում ներկայացված է «Կառավարությունը որպես պատվիրատու» կոնցեպտը՝ ՏՏ ոլորտի համար։ Չկան մանրամասներ այն մասին, թե ինչ է ենթադրվում դա ասելով, բայց գրավիչ է հնչում։
Մեր տեսանկյունից Կառավարությունը պետք է հանդես գա և՛ որպես պատվիրատու, և՛ որպես երաշխավոր նաև ռազմարդյունաբերության համար։ Օրինակ, պետական ռազմարդյունաբերական ընկերություններին հարկավոր է մասամբ ազատել հարկերից 3-5 տարվա կտրվածքով սարքավորումների, տեխնոլոգիաների և մասնագետների պատրասման մեջ ներդրումներ անելու դիմաց։ Կառավարությունն էլ իր հերթին պետք է երաշխավորված պատվերներ կատարի այդ նույն ժամանակահատվածում։
Որպես հոդվածի վերջաբան, և հիմնվելով Կառավարության ծրագրի ուսումնասիրված վերոնշյալ գլուխների դրույթների վերլուծության վրա, կարելի է անել հետևյալ եզրակացությունները՝
- Այս ծրագրի հիմքը հիմնականում տնտեսության ներկայիս իրավիճակն է և հիմնված է նախորդ տարիների ձեռքբերումների վրա։
- Տնտեսության զարգացման համար առաջարկվում են արդեն գործող գործիքակազմ և մասնակի նորամուծություններ։
- Ծրագրերի փուլայնության բացակայություն 5 տարվա կտրվածքով։
- Շատ արտահայտություններ և քիչ թվեր։
- Ոչ բավարար ուշադրություն է հատկացված Հայաստանի տնտեսության առաջատար ոլորտներից մեկին՝ զբոսաշրջությանը։
- Տվյալ ծրագիրը պահանջում է քննարկում և ավելի շատ հստակեցում։
- Լավ նորություն՝ սա հեղափոխություն չէ։
Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են օրինակ ՏՏ և գինեգործության ոլորտները։ Սա կարող է հանդիսանալ պետական-մասնավոր հատվածի համագործակցության վերականգնման և հետագա զարգացման օրինակ, ինչի մասին էլ մենք ասում էինք։ Գործարարների հետ քննարկելով մանրամասները՝ կարելի և պետք է հասկանալ, թե ինչ է կոնկրետ հարկավոր տնտեսության զարգացման համար, և ինչպիսի մոդել է անհրաժեշտ Հայաստանին առաջիկա տարիների ընթացքում։
Իգոր Զարգարյան
«Ազգային Օրակարգ» կուսակցության համահիմնադիր