Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն վարչապետ, մի հատ սաղին նստցրեք իրանց տեղը». Արշալույսում շարունակում են պահանջել Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը

Փետրվար 11,2019 18:50

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներն այսօր էլ շարունակում են բողոքի ցույցը. նրանք պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Զարզանդ Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Նախորդ օրերին բողոքի ցույցերի ժամանակ գյուղացիները հայտարարում էին՝ չեն դադարեցնի ցույցերը, մինչեւ Գրիգորյանը հրաժարական չտա:

Արշալույսի գյուղապետարանի աշխատակիցներն ու համայնքապետն, ինչպես գյուղացիներն են վստահեցնում, 10-12 օր է աշխատանքի չեն ներկայանում: Այսօր ցույցի մասնակիցներն ասացին, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողներին ասել է, թե՝ Արշալույս համայնքի բնակիչները՝ համայնքապետի հրաժարականի պահանջով, ստորագրահավաքի նամակը չեն ներկայացրել. «Շուրջ 750 մարդու ստորագրությամբ նամակն ուղարկել ենք վարչապետի աշխատակազմին: Սուրեն Պապիկյանն էլ մեզ պատասխանել է, թե որ դեպքերում է հնարավոր համայնքապետի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Հիմա էլ ինչ-ինչ պատճառներով ասում է, թե տեղյակ չէ»:

Ցույցի մասնակիցները վրդովված էին՝ մարզպետարանի աշխատակիցներն Արշալույսի համայնքապետարան են գնացել, ստորագրություններն՝ անուն -ազգանուններով ու հեռախոսահամարներով պատճենել են եւ, այսպիսով` բացահայտել այս անձանց գաղտնիությունը. «Փոխանակ մարզպետարանի աշխատողները զանգեին, տեսնեն ճիշտ են, թե՝ չէ ստորագրությունները, մտել են գյուղապետարան ու փաստորեն  Զարզանդ Գրիգորյանին ու իր թիմակիցներին բացահայտել են մեր մասին, որպեսզի նորից ահաբեկեն Արշալույսի բնակիչներին եւ մեր ցույցերը տապալեն: Մարզպետարանի իրավաբանն ահաբեկչություն է մտցնում գյուղ»:

Գյուղի բնակիչներն ասում են, որ Զարզանդ Գրիգորյանը տարբեր քրեական գործերում է ներգրավված, որպես համայնքապետ անօրինական գործողություններ է արել,  ընտրություններին բնակիչներին ուղղորդումներ է արել նախկին իշխանությունների օգտին:

«Այդ անձնավորությունը իրավունք չունի համայնքապետ լինի: Մենք համաձայն ենք հոկտեմբերին լինեն ընտրությունները, բայց դրա հետ մեկտեղ, թող իրա լիազորությունները «սառեցնեն», ժամանակավոր պաշտոնակատար նշանակեն, էս գյուղը հանդարտվի, պրծնենք էս բռնապետից, «բեսպրիդելից: Էսի դուրս ա գալիս հին ՀՀԿ-ական ռեժիմը տակից գործում ա: Պարոն վարչապետ, մի հատ մանրակրկիտ ուսումնասիրեք ու սաղին իրանց տեղը դրեք, նստցրեք իրանց տեղը»,-դժգոհում են բնակիչները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728