Այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 13-ի սահմաններում Իջեւանի տարածաշրջանի Սեւքար, Աչաջուր, Աճարկուտ եւ այլ գյուղերի տասնյակ բնակիչներ Սեւքար գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներով փակել են Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհը: Նրանք պահանջել են իրենց համար բացել դեպի անտառ տանող ճանապարհները, հնարավորություն տալ օգտվել անտառի վառելափայտից:
Գործողության մասնակիցները մեզ հայտնեցին, որ ճանապարհը փակելուց հետո այդտեղ են ժամանել Տավուշի մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը եւ Կարեն Խուդավերդյանը, ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանը, քիչ ավելի ուշ՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանը:
Փակելուց 20 րոպե անց միջպետական ավտոճանապարհը բացվել է, խնդրի վերաբերյալ քննարկումները տեղի են ունեցել Սեւքար գյուղում, Սեւքարի անտառտնտեսության վարչական շենքի մոտ: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ձմռան վառելափայտ չունեցող ընտանիքները հնարավորություն ստանան անվճար մինչեւ 8 խորանարդ մետր թափուկ պատրաստելու, իսկ վառելափայտի բիզնեսով զբաղվողները հնարավորություն ունենան պետականորեն հաստատված սակագներով վառելափայտ ձեռք բերելու:
Բողոքի գործողության մասնակիցները մեզ հայտնեցին, որ խնդիրը չլուծվելու դեպքում մի քանի օրից նորից են փակելու միջպետական ավտոճանապարհը եւ հավելեցին. «Նիկոլ Փաշինյանն իր օրինակով սովորեցրել է հարցեր լուծելու ճանապարհը՝ ճանապարհ փակելը»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Միջպետական ավտոճանապարհներ փակելով հանրապետության անտառային մակերեսները, անտառում թափուկ վառելափայտի քանակները չեն ավելանում
Արձագանքելով Aravot.am կայքում հրապարակված «Միջպետական ավտոճանապարհ փակելն արդյունք տվեց» վերտառությամբ հոդվածին, հարկ ենք համարում տեղեկացնել․
. Հայաստանի Հանրապետության անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների կողմից ոչ արտադրական (ոչ արդյունագործական) նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1535-Ն որոշմամբ
. Դեռևս 2019 թվականի հունվարի 15-ին ԲՆ Անտառային կոմիտեի կողմից հաստատվել է 2019 թվականի խնամքի և սանիտարական հատումների չափաքանակը՝ 17500 խմ ծավալով, որը տարվա ընթացքում լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում կարող է նաև աճել։
Հարկ է ընդգծել, որ բնակիչների կողմից բարձրաձայնված՝ փայտանյութի տրամադրումը կարգավորվում է վերոգրյալով և Անտառային օրենսգրքով, այլ ոչ թե միջպետական ավտոճանապարհներ փակելով։
Շեշտենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունը սակավանտառ, լեռնային երկիր է և չի կարող ամբողջությամբ բավարարել ազգաբնակչության՝ փայտանյութի պահանջարկը։
Միջպետական ավտոճանապարհներ փակելով հանրապետության անտառային մակերեսները, անտառում թափուկ վառելափայտի քանակները չեն ավելանում։