Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մի քանի օր առաջ միջնորդագիր է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնակատար Վարդան Գրիգորյանին (այդ ժամանակ դեռ Տիգրան Պետրոսյանը Շիրակի մարզպետ նշանակված չէր)՝ պահանջելով անհապաղ պաշտոնազրկել Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանին ու փոխտնօրեն Անահիտ Միսկարյանին։ Որպես հիմնավորում՝ դատախազը ներկայացրել էր հարուցված քրեական գործի շրջանակում ձեռք բերված ապացույցները, համաձայն որոնց՝ վերջիններս, պաշտոնական լիազորությունները չարաշահելով, կատարել են պաշտոնական կեղծիք ու այդ գործում ներգրավել դպրոցի բազմաքանակ՝ թվով 25 աշխատակիցների։
Իսկ թե ինչ պաշտոնական կեղծիքի մասին է խոսքը, ավելի վաղ դատախազության հանրային կապերի բաժինը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով․ «ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, որոնք, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին»։
Ինչևէ, դատախազ Կարեն Գաբրիելյանը Վարդան Գրիգորյանին միջնորդել է անհապաղ լուծել տնօրենի և փոխտնօրենի պաշտոններից ազատելու հարցը, քանի որ «նրանց հետագա պաշտոնավարումը կհեղինակազրկի հանրակրթության ոլորտը, կխեղաթյուրի դպրոցի՝ որպես կրթօջախ հանդիսանալու հանրային ընկալումն ու բնույթը»։
Շիրակի դատախազի այս պահանջին արձագանքել է Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի փաստաբան Մամիկոն Մուրադյանը, որը Aravot.am-ին հետևյալ բովանադակությամբ պատասխանն է ուղարկել.
«Ըստ «Առավոտ» թերթի հրապարակման, ՇՄ դատախազը պահանջում է պաշտոնազրկել Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենին և փոխտնօրենին:
Եթե թերթի հրապարակումը ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, ապա պետք է փաստել, որ դատախազությունը չարաշահում է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները, այն պարզ պատճառով, որ դատախազությունը գործադիր մարմնին կադրային քաղաքականություն իրականացնելու հարցում պահանջներ ներկայացնելու իրավասություն չունի:
Եթե իրականում նման պահանջ է առաջադրվել, ապա դա ոչ այլ ինչ է, քան անօրինական միջամտություն, որի հրամայական մոտեցումը մարզպետարանի բնականոն գործունեությունը խաթարելու վտանգ է ստեղծում, ինչն անթույլատրելի է:
Եթե դատախազության միջամտությունը միջնորդության տեսքով է, ապա դատախազությունը մարզպետարանին դրդում է անօրինականությունների, քանի որ սույն դեպքի առթիվ, դեռ 2018թ հուլիսի 27-ի դատախազության միջնորդության հիման վրա 2018թ օգոստոսի 17-ին արդեն իսկ մեկ անգամ Գյումրու 19-րդ դպրոցի տնօրենը ենթարկվել է կարգապահական տույժի, իսկ աշխատանքային օրենսդրությունն արգելում է նույն իրավախախտման համար երկրորդ անգամ նույն անձին տույժի ենթարկելը:
Բացի այդ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդված 7-րդ մասի համաձայն` քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ։ Իսկ սույն դեպքում օրենսդրությունը նախատեսում է այլ կարգ` հանրակրթարաններում գործադիր մարմնի պաշտոնում նշանակելը և ազատելը կարգավորվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, որի պահանջի համաձայն՝ դատախազության կողմից վկայակոչված խախտումների համար աշխատանքից ազատման հիմք նախատեսված չէ:
Իմ կարծիքով դատախազությունը տեղյակ է նաև այս օրենսդրական պահանջի մասին, այն որ սույն դեպքում կիրառելի է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, սակայն անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված դատախազության պնդումը, որ առկա է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդ 1-ին մասի 6-րդ կետի հիմքը/ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքը/, և այդ համատեքստում վերջիններիս պետք է ազատել աշխատանքից, մինչդեռ այդ կարգի կիրառումը հանգեցնելու է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտման:
Ինչ վերաբերում է դատախազության կողմից հայտնաբերված խախտումներին, որ դրանք կատարվել են պաշտոնական դիրքի օգտագործմամբ, կոնկրետ հանցավոր գործողությունների ներգրավել են բազմաքանակ աշխատակիցների, որոնք բացակայություններ ունեցող աշակերտներին գրանցել են դասամատյաններում և աշակերտների անվանացանկում, ինչպես նաև 200.700ՀՀ դրամ պատճառված վնասը վերականգնվել է, նշեմ, որ հայտնաբերված թերությունները, թեև խախտում են, սակայն դրանից ոչ մեկով ինչպես պետությանը, այնպես էլ սովորողների կրթություն ստանալու իրավունքին որևէ վնաս չի հասցվել: Բացակայություն ունեցող աշակերտներին նույն դասարանում թողնելու դեպքում պետությունը պարտավոր էր նրանց համար ևս մեկ անգամ ֆինանսավորում կատարել, որը կկազմեր մոտ 1.300.000 ՀՀ դրամ, իսկ այս դեպքում տեղի է ունեցել պետական միջոցների խնայողություն: Ինչ վերաբերում է սովորողների տվյալ ուսումնական տարվա կրթական ծրագրի յուրացման իրավունքի խախտմանը, ապա վերջիններս հաջորդ ուսումնական տարում յուրացրել են նախորդ տարվա կրթական ծրագիրը և ունեն բավարար գիտելիքներ, հակառակ դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեր վերջիններիս մեկ դասարան ցածր տեղափոխելու համար, որի անհրաժեշտությունը բացակայում է:
Ամփոփելով վերոգրյալը՝ պետք է արձանագրել, որ Գյումրու թիվ 19 դպրոցի կողմից թույլ տված խախտումները այն աստիճան կոպիտ չեն, ինչ փորձում է ներկայացնել դատախազությունը, հետևաբար կարգապահական տույժերի տեսակներից առավել խիստ միջոցի ` աշխատանքից ազատման անհրաժեշտությունը բացակայում է:
Ինչևէ հետևենք իրադարձությունների զարգացմանը` մարզպետարանը արդյոք ղեկավարվելու է ՀՀ օրենսդրության պահանջներով, թե կատարելու է դատախազության կամքը»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մամիկոն Մուրադյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից
Ուղղակի ծիծաղելի է…..«Շիրակի դատախազի պահանջն անօրինական է»:Ինչն է անօրինական….հիմա ճշմարտությունն է անօրինական…ես կասեի դատախազը ուշացրել է:Ես կխնդրեի հարգելի Գաբրիելյանին ազատել 19 դպրոցի մանկավարժներին տիկին Մեսրոպյանի ճիրաններից.և շատ կուզենայի,որ վաստակավոր մանկավարժի` ընկեր Միսկարյանի անունը չշոշափվիր……