Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Թորոսյան. «Ոչ թե արգենտինացի բռնցքամարտիկն էր թույլ, այլ Գոռ Երիցյանն էր ահավոր ուժեղ»

Փետրվար 11,2019 17:55

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Punch Boxing» պրոումոթերական ընկերության հիմնադիր նախագահ Արամ Դավթյանը եւ Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մարզիչ Դավիթ Թորոսյանը խոսեցին օրերս Սոչում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում Գոռ Երիցյանի եւ Վահե Սարուխանյանի մենամարտերի մասին:

«Գոռ Երիցյանի մարտին հետեւած մարդկանցից շատերը կարող են ասել, թե ոչինչ տեսնել չհասցրեցին: Իրականում այդ կարճ ժամանակահատվածը ցույց տվեց, թե Գոռը որքան է պատրաստ իր մենամարտերին: Հիշում էք՝ ես ասել էի, որ Գոռը բոլորին ոչ միայն կզարմացնի, այլեւ ռինգում թատրոն ցույց կտա, որը կարող է տեւել կարճ, բայց շատ ուժեղ: Ինչ վերաբերում է Վահե Սարուխանյանի մարտին, նա պատրաստվել սկսել է Դավիթ Թորոսյանի հետ (երկու անգամ՝ մեկական ամիս- Ա. Հ.) եւ տեսանելի շատ մեծ աճ է ունեցել: Սոչիում նա հիանալի բռնցքամարտ ցույց տվեց, որտեղ փայլեց թե պաշտպանությունում, թե գրոհների ժամանակ: Նա մրցակցին գերազանցեց բոլոր առումներով: Բայց մրցավարները կայացրին անընդունելի որոշում՝ ոչ-ոքի: Եվ քանի որ կային պայմաններ, որ նրանցից մեկը պիտի շարունակի պայքարը, չորրորդ մրցավարը նախապատվությունը տվեց Պավել Մալիկովին: Մենք յոթ օր ժամանակ ունենք եւ մենամարտի կազմակերպչին անպայման բողոքարկման պաշտոնական դիմում ենք ներկայացնելու վաղը կամ մյուս օրը»:

Դավիթ Թորոսյանը նշեց, որ մարտը տեւեց շատ կարճ, բայց դրա մասին կարելի է մի քանի ժամ խոսել: «Բռնցքամարտն անկանխատեսելի մարզաձեւ է, որտեղ 15-20 վայրկյանը կարող է կյանքում շատ բան փոխել: Գոռն արեց այն, ինչի ընդունակ է: Ոմանք ինձ ասում են, թե մրցակիցը՝ արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեն, թույլ էր: Ես այդպիսի դատողությունները լավ չեմ հասկանում: Մեր բռնցքամարտիկն էր ահավոր ուժեղ: Երկրորդ տարբերակն ավելի իրական է:

Վահե Սարուխանյանի նախկին մարտերը, հավանաբար, չեք տեսել: Նա ապրում է Սոչիում: Նրա հետ բավականին աշխատանք կատարվեց, որպեսզի մարտավարությունը փոխի: Ընդհանուր առմամբ երկու ամիսը շատ կարճ ժամանակ է, սակայն ինձ թվում է՝ նա հիմնովին փոխվեց ու հիմա միանգամայն այլ բռնցքամարտիկ է: Վահե Սարուխանյանը միանշանակ հաղթեց Պավել Մալիկովին, բայց ռուս մարզիկը մրցաշարում առաջ չգնաց որպես հաղթող», – ասաց մասնագետը:

Ասուլիսին ներկա WBC-ի գործկոմի անդամ եւ փոխնախագահ Օքսաննա Սեմենիշեւան Aravot.am-ի հետ զրույցում ասաց: «Պաշտոնապես հայտարարվեց ոչ-ոքի, այսինքն՝ պարտվող կամ հաղթող չեղավ: Այդ մարտն անցկացվում էր այլ կազմակերպության հովանու ներքո, եւ իմ պաշտոնական մեկնաբանություն անելն էթիկայի սահմաններում չի լինի: Բայց ես որպես այդ մենամարտին ներկա սովորական հանդիսական կարող եմ ասել, որ Վահե Սարուխանյանը շատ լավ հանդես եկավ: Նա իր նախորդ մենամարտերի համեմատ շատ մեծ առաջընթաց է ունեցել: Պավել Մալիկովի հետ մենամարտում նա լավագույն մարզավիճակում էր, հիանալի էր աշխատում ոտքերով, շատ լավ էր ռինգն զգում, մրցակցին կազմած ծրագիրն իրականացնել թույլ չէր տալիս: Նա շատ լավ մենամարտ անցկացրեց»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728