«Այսօրվա իշխանությունները ևս ունեն գաղափարական խնդիր»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ նրա՝ այնտեղ կան բավականին տարբեր հատվածներ, ուղղություններ, որոնց մեջ կան տարբեր գաղափարներ:
Հետևաբար ըստ Կարեն Քոչարյանի՝ ինչպես Տիգրան Ավինյանն է ասել, չի բացառվում՝ ընդդիմությունը ծնվի հենց «Իմ քայլի» ներսում. «Ես էլ դա չեմ բացառում ամենևին: Վերջին շրջանում՝ մի կողմից երևացող, մյուս կողմից կարծես չնկատվող հրաժարականների շարք է գնում, կամ դիմումներ են գրում աշխատանքից դուրս գալու: Դա կարծես թե շատ ցայտուն չէ, բայց երբ նայում ես, տեսնում ես՝ բավականին շատ է: Միտում ունի շարունակական լինելու, ինչը կարող է բերել մի հատվածի առանձնացման «Իմ քայլից», այդ թվում նաև խորհրդարանի ներսում: Առայժմ գործադիրի ներսում են գնում այդ հրաժարականները»:
Դառնալով Արփինե Հովհաննիսյանի՝ ՀՀԿ-ի անդամակցության դադարեցմանը՝ Կարեն Քոչարյանն ասաց. «Նա դուրս է գալիս ՀՀԿ-ից, քանի որ հասարակական սեկտորում պետք է փորձի ձևավորել կարծիք: Հասարակական կազմակերպություն, որը ոչ թե ինչ-որ ուժերի թելադրանքով է, այլ օրվա խնդրով»:
Ըստ Կարեն Քոչարյանի՝ Արփինե Հովհաննիսյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալն առնետավազք չէ. «Ամեն դեպքում Արփինեն լուրջ կադր է պրոֆեսիոնալ առումով, լուրջ իրավաբան, բավականին գրագետ, և ես կարծում եմ՝ Արփինեի դուրս գալն առնետավազք չէ, այլ մարտավարական քայլ ՀՀԿ-ի կողմից: Այսպես թե այնպես նա ասոցացվում է ՀՀԿ-ի հետ, բայց մի բան է, երբ ֆորմալ ասոցացվում է, մեկ այլ բան է, երբ իրավական առումով է ասոցացվում»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արփինե Հովհաննիսյանին, եթե նա իրոք արհեստավարժ կադր է, հարկավոր է, բառիս լավ իմաստով, օգտագործել այնպես, ինչպես որ օգտագործել են նախքին իշխանությունները։ ՀՀԿ-ի “երիտասարդ գվարդիան” ՝ Շարմազանով, Աշոտյան, Արփինե Հովհաննիսյան, նրանք գիտակցաբար, աչքերը փակելով այն ամենի վրա, ինչ կատարվում էր մեր երկրում, իքներն իրենց համոզելով, որ ազգանվեր գործ են անում, ըմբոշխնում էին իրենց կարգավիճակը։ Նրանց նմանները գաղափարի մարդիկ չեն։ Նրանք երիտասարդ գիշատիչներ են և եթե բավարարված լինի նրանց եսասիրությունը, նրանք ում ասես կծառայեն։ Անցյալի համատարած կեղծիքի ու անարդարության ֆոնին նրանց “մարտական” կեցվածքը արժանի է միայն ծաղրանքի։ Նույնիսկ ընդունելու պարտությունը և արժանիորեն հեռանալու շնորք էլ չունեցան։