Վերջին շրջանում ՀՀ կառավարությունը քննարկում է մարզպետարանների օպտիմալացման հարցը: Նախատեսվում է, որ օպտիմալացման արդյունքում կկրճատվի ոչ միայն բաժինների, այլեւ մարզպետարանների աշխատակիցների թիվը:
Կառավարման համակարգը բարելավելու նպատակով իրականացվող այս փոփոխության նախագծի նախնական տարբերակն արդեն իսկ ուղարկվել է մարզպետարաններ: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասում է, որ հարցի շուրջ իրենք եւս մարզպետարանում քննարկումներ են կազմակերպում, իսկ առաջարկություններով կդիմեն նախարարություն. «Դեռ նախագիծ չկա, հետեւաբար որեւէ բան չեմ կարող ասել: Կա որոշակի սխեմա-մոդել, որը որ դեռ պետք է քննարկենք: Եվ հստակ որոշում չկա: Մենք մեր առաջարկներն անելու ենք, որոշակի փոփոխություններ կլինեն, բայց դա մեր կառույցում դեռ քննարկման առարկա է… Մոդելի մեջ բավականին դրական բաներ կան, որը որ մեզ համար նույնպես ընդունելի է»:
Թեեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն իր հարցազրույցներում բազմիցս է նշել, որ օպտիմալացման արդյունքում կլինեն նաեւ կրճատումներ, Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ իրենց կրճատումների մասին ոչինչ չեն ասել. «Մոդելը հիմնված չէ աշխատակիցների թվաքանակի որոշակի ֆիքսված թվի վրա: Մեզ ուղղակի նախարարի կողմից եղել է հորդոր մեր գործառույթներին համապատասխան կազմել մեր համապատասխան մոդելը: Որեւէ թվաքանակ նշված չէ: Այսինքն, մեր խնդիրը չէ, մեր աշխատակիցների թիվ պակասեցնելը, մեր խնդիրը՝ մեր գործառույթները համապատասխանեցնել մեր կառուցվածքին: Օրինակ կարող է կարիք լինի այդ վարչության աշխատակիցների թիվն ավելացնելու, կարող է կարիք լինի՝ պակասեցնելու: Մենք դա գործառույթներից ելնելով ենք որոշելու»:
Նախնական մոդելով մարզպետարանների մի քանի վարչություններ կմիավորվեն մեկ վարչության մեջ: Օրինակ՝ նոր ստեղծվող հողի կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման հարցերի վարչությունը կիրականացնի՝ գյուղատնտեսության, բնապահպանության, քաղաքաշինության, հողաշինության եւ հողօգտագործման բնագավառների գործառույթները: Քարտուղարությունը կզբաղվի՝ ընդհանուր բաժնի, անձնակազմի կառավարման բաժնի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի մասնագետի, վարչատնտեսական բաժնի գործառույթներով: Իսկ սոցիալական ոլորտների կառավարման եւ սոցիալական ապահովության վարչությունն իրականացնելու է՝ առողջապահության, կրթության, մշակույթի եւ սպորտի, ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության բնագավառների գործառույթները:
Լոռու մարզպետից հետաքրքրվեցինք, թե որպես բժիշկ ինքն ի՞նչ կարծիք ունի վերը նշված վարչությունների միավորման մասին. «Մեր դեպքում քանի որ այդ համակարգերում դեռ շատ աշխատանք կա անելու, եւ ամեն ինչ չէ, որ կանոնակարգված է, հետեւաբար միանալն այս պահի դրությամբ նպատակահարմար չէ, բայց հետագայում գուցե եւ ճիշտ կլինի նման ձեւը»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ