«Մարդկային զարգացման կենտրոն»-ի նախագահ Թևան Պողոսյանը հիշեցրեց՝ ՀՀ կառավարության ծրագիրը, որն այս շաբաթ ներկայացվելու է, հիմնված է Հայաստանի՝ 2019 թվականի բյուջեի վրա:
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Թևան Պողոսյանը նշեց. «Բյուջեն ընդունվել էր դեռ նախորդ խորհրդարանում: Միգուցե և շատ հնարավորություններ այնտեղ ընդգրկված չեն եղել, բայց, այնուամենայնիվ, ունենալու ենք սահմանափակումներ, որ միանգամից այդ ծրագրի հիման վրա կունենանք փոփոխություններ: Վստահ եմ՝ կառավարությունն իր խոստումները կկատարի»:
Ըստ Թևան Պողոսյանի՝ պետք է լուծել հաղորդակցության հարցը. «Ինչ-որ բան առաջարկելուց եւ նախաձեռնելուց առաջ, պետք է լայն հանրային քննարկում անցկացնել: Երկրում ամենակարեւոր խնդիրներից մեկը հասարակության եւ իշխանության միջեւ կապի հաստատումն է: Այն նշանակում է, որ մինչեւ որեւէ բան առաջարկելը եւ նախաձեռնելը, անհրաժեշտ է լայն հանրային քննարկում անցկացնել: Սա թույլ կտա խուսափել այնպիսի իրավիճակից, որն առաջացել էր կառավարության ծրագրի հետ կապված, երբ սկզբում թվեր չէին ներկայացվել, իսկ հետո պարզվեց, որ այդ թվերը արտացոլված են այլ փաստաթղթերում»:
Դառնալով արցախյան հակամարտության կարգավորմանը՝ Թևան Պողոսյանը վստահեցրեց. «Կտևի հարյուր, թե երկու հարյուր տարի, որևէ մեկը չի պատրաստվում զիջումների գնալ։ Ես ուրախ եմ այս ընկալման համար, որ Հայաստանը մնալու է Արցախի հարցում անվտանգության երաշխավոր։ Բայց եթե Ադրբեջանը Արցախի Հանրապետության սահմանի հետ կապված հարցեր ունի, Արցախը սահմանադրություն ունեցող երկիր է, պետք է բանակցի նրա հետ։ Իսկ Հայաստանի իշխանությունները կարող են նպաստել, որ երկու երկրների մեջ երկխոսություն տեղի ունենա։ Միգուցե Ադրբեջանի իշխանությունները Նիկոլ Փաշինյանից խնդրում են օգնե՞լ Արցախի իշխանությունների հետ կապ հաստատել»։
Դառնալով Արփինե Հովհաննիսյանի՝ ՀՀԿ անդամակցությունը ժամանակավոր դադարեցնելուն, Թևան Պողոսյանն ասաց. «Նա հանրային գործիչ է, և եթե որոշել է հասարակական գործունեություն ծավալել` հանրության կողմից կգնահատվի ըստ արժանվույն։ Կարևոր է՝ մարդիկ կարևորեն գաղափարախոսությունը և ոչ թե անձանց։ Շատ մարդիկ դուրս եկան այլ կուսակցություններից և միացան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Արդյոք դրա պատճառը արժեքայի՞ն էր, հետևաբար ինչո՞ւ ամենասկզբում «Քաղաքացիական պայմանագրում» չէիք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ