Փետրվարի 11-ին ԱՄՆ-ում դատարանի առջև է կանգնելու Հայաստանում օգոստոսի 31-ին կալանավորված, ապա ԱՄՆ-ին արտահանձնված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզը։ Վերջինս ԱՄՆ-ի քաղաքացի է։ Նրա նկատմամբ ԱՄՆ-ում առաջադրված է 5 մեղադրանք։
Օքսուզը ԱՄՆ-ում մեղադրվում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու մեջ:
Նշենք, որ 2018թ. դեկտեմբերին ամերիկյան դատարանը վճռել էր նրան 50 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակել: Սպասվում է, որ Օքսուզի դատավճիռը կհրապարակվի հենց այսօր։
Հիշեցնենք, որ ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Օքսուզը 2018թ օգոստոսի 29-ին ձերբակալվել էր Երևանում: Քևին Օքսուզը Հայաստանում 2017 թվականի սեպտեմբերին հիմնել էր «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որը զբաղվում էր տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ: Նախորդ տարվա սեպտեմբերին Քեմալ Օքսուզի կողմից խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Ամերիկյան կողմը մինջնորդություն էր ներկայացրել ՀՀ դատախազություն Օքսուզին հանձնելու վերաբերյալ:
Հայաստանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ բավարարվել էր Քևին Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ԱՄՆ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը:
Օքսուզը հետախուզվում էր նաև Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից։ Թուրքական կողմը նրան մեղադրում է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։ Դրա շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը Թուրքիայի իրավասու մարմիններից ստացել էր միջնորդություն` Օքսուզին իրենց հանձնելու վերաբերյալ: Ի պատասխան դրան, ՀՀ գլխավոր դատախազությունից ասել էին, թե Օքսուզին արտահանձնելու պահանջով ԱՄՆ Թուրքիայից առաջ էր դիմել։
Աղբյուր` Ermenihaber/ Haberler