Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրպանահատների» մերժման ժամանակը

Փետրվար 11,2019 16:52

Հայաստանի նորօրյա ընթացքի, տեսանելի ապագայի, հեղափոխության իրականացրած գնահատելի փոփոխությունների եւ որոշ թերությունների շտկման մասին է «Առավոտի» զրույցը երաժիշտ-կոմպոզիտոր, հանրահայտ պրոդյուսեր Ստաս Նամինի հետ: Խորհրդային ռեժիմի պարտադրած «դնչկալը» շարունակաբար մերժած, երաժշտական աշխարհում այլախոհի համարում ունեցող Անաստաս Ալեքսեյի Միկոյանը գերխիտ կենսագրություն ունի: Ստեղծագործական ծածկանունը երաժիշտը փոխառել է մորից՝ Նամի Միկոյանից, ով դեռ մանկուց է որդուն փոխանցել սերն առ հայրենիք: Ստասի՝ զինվորական դառնալու մանկական երազանքն ու Սուվորովյան վարժարանում ստացած կրթությունը որոշ ժամանակ անց իրենց տեղը զիջում են երաժշտության, լուսանկարչության և ռեժիսուրայի հանդեպ տածած սիրուն: Լեգենդար երաժիշտի «Լույս և ուրախություն», «Ամառային երեկո», «Վաղ է բաժանվելը», «Յուրմալա» եւ մի շարք այլ երգեր ցայսօր էլ շարունակում են համալրել հիթ շքերթների ոսկե ֆոնդը: Իսկ ահա հանրության սիրելին դարձած «Մենք երջանկություն ենք մաղթում ձեզ» երգը՝ 30 տարուց ավելի է շատերի սիրելին է:

Հիպպիների շարժման եւ Վուդսթոկում կայացած փառատոնի ազդեցությամբ 1969 թվականին նրա կողմից ստեղծված, երկրպագուների հոծ բանակ ունեցող «Цветы»-ն՝ դարձավ ԽՍՀՄ տարածքում 60 միլիոն ձայնասկավառակ վաճառած առաջին ռոք խումբը: Նամինի անվան հետ են կապվում նաեւ մի շարք նորարարական ձեռնարկներ. Երաժշտական փառատոների կազմակերպում, համերգային գործակալությունների, ձայնագրման եւ դիզայներական ստուդիաների, անկախ ռադիոկայանի հիմնում: Հենց նրա ջանքերով է բացվում առաջին անկախ պրոդյուսերական «SNC» կենտրոնը: Ավելին, 1989 թվականին նրա հիմնած «Ստանբեթ» ընկերությունը շռնդալից հաջողություններ է արձանագրում շոուբիզնեսում եւ գործարար աշխարհում: Պրպտուն Նամինի «ձեռնադրությամբ» են կյանքի կոչվում Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը, երկրում գործող մյուզիքլների առաջին թատրոնը, «Բալետ սառույցի վրա» շոուն եւ «Парк Горького» ռոք խումբը: Ստաս Նամինի հետ «Առավոտի» ռետրոսպեկտիվ զրույցն ուղեկցվում է նրա կողմից արված, Հայաստանի ներկային ու ապագային առնչվող մի շարք դիտարկումներով:

«Որ Հայաստանը հայտնվել է զարգացումների կիզակետում՝ կասկածից վեր է: Թե ինչ կարձանագրի քաղաքական զարգացումների հետագա ընթացքն ու ուր կնավարկի հայկական նավը՝ ժամանակը ցույց կտա: Բայց այն, որ Հայաստանին ներկայացել է Սինգապուր կամ էլ Իսրայել դառնալու պատեհություն, անվիճարկելի է: Հայաստանում իրականացված իշխանափոխությունը երկրի առջև նոր հեռանկարներ է բացել: Քանի որ Հայաստանում չեմ ապրում, ես չեմ կարող օբյեկտիվորեն գնահատել ստեղծված իրավիճակը: Այդուհանդերձ, հարկ եմ համարում նկատել,որ թեև զգալի ժամանակ է անցել, բայց տնտեսության ոլորտում նկատելի առաջընթաց դեռևս չկա: Ըստ իս, Հայաստանի հաջողության գրավականը մեծ կենսափորձ ու մասնագիտական որակներ ունեցող պրոֆեսիոնալների ներգրավումն է գործընթացներում ու ամենևին էլ կարևոր չէ, թե որ ոլորտում՝ լինի դա արդյունաբերություն, մշակույթ, թե գյուղատնտեսություն: Շատ կցանկանայի,որ Հայաստանն իրեն ներկայացած հնարավորությունը ձեռքից բաց չթողներ և դեպի ապագա նավարկությունը լիներ նպատակային ու միանգամայն իմաստավորված»:

Երաժիշտ-կոմպոզիտոր լինելուց զատ, Ստաս Նամինը նաեւ ռեժիսոր է: Նրա հեղինակած «Հայաստանի հնագույն տաճարները», «Իրական Կուբան» (այս երկուսը ներկայացվել են անցած տարի կայացած «Ոսկե ծիրան» փառատոնի «Հայկական համայնապատկեր» եւ «ԱՊՀ երկրների կինոն» ծրագրերում), «Զրույց Էռնստ Նեիզվեստնիի հետ» եւ ԱՄՆ-ում նկարահանված «Free to Rоck» վավերագրական ֆիլմերն ու «Սառցե թագուհին» եւ «Փոքրիկ իշխանը» մյուզիքլները լայն լսարան են ունեցել: «Հայաստանի հնագույն տաճարները» վավերագրական ֆիլմը, որի համահեղինակն, ի դեպ, Նամինի որդին՝ Արտյոմն է, նրա իսկ վստահեցմամբ ներկայացվելու է Նյու Յորքի փառատոնում եւ ցուցադրվելու է «Կուլտուրա» հեռուստաալիքով:

«Բայց Հայաստանում…Ես երջանիկ կլինեի, եթե այն ցուցադրվեր նաեւ հայկական հեռուստատեսությամբ, կուզեի որ մարդիկ այն անպայման տեսնեին…»:

Նամինի հեղինակած, համարման արժանացած «Հաղթանակ արեւի նկատմամբ» ավանգարդիստական, ֆուտուրիստական գործը ցուցադրվել է Ֆրանսիայում, Շվեյցարիայում եւ եվրոպական մի շարք այլ երկրներում: Շուտով այն ներկայացվելու է նաեւ ԱՄՆ-ում:

Նրա ղեկավարած Մոսկվայի երաժշտական-դրամատիկական թատրոնը անցյալ տարվա գարնանը հյուրախաղերով Գյումրիում եւ Ստեփանակերտում էր: Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի մոտիվներով բեմադրված ներկայացման տոմսերի վաճառքից գոյացած հասույթը համապատասխանաբար փոխանցվել է «Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աջակցման» հիմնադրամին եւ «Արցախ, իմ սեր․աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրին:

Բարեգործության թեմային զուգահեռ, մեր զրույցի «տեսադաշտից» դուրս չի սպրդում նաեւ հեղինակային իրավունքի խիստ ցավոտ թեման:

«Հայաստանում ճիշտ նույն վիճակն է, ինչ կատարվում էր Ռուսաստանում՝ 90-ական թվականներին: Գերակա դարձած քաոտիկ իրավիճակից ու անվերահսկելիությունից մեծապես օգտվում էին «աչքաբաց» գործակալները: Նրանց կողմից իրականացվող ակնհայտ թալանը տեղի էր ունենում հավաքագրման եւ բաշխման ժամանակ: Հավաքագրվող գումարները հեղինակային իրավունքի գործակալությանը փոխանցելու փոխարեն՝ գործակալներն իրենք էին գրպանում՝ կոռուպցիոն մշակված սխեմաների կիրառման միջոցով: Հիմա արդեն, ՌԴ-ում այս գործընթացը կարգավորվել է, այն դարձել է հանրային ու թափանցիկ, փողերի մուտքներն ու ելքերը տեսանելի են բոլորին»:

Ակնարկելով, որ Հայաստանին վերաբերող դիտարկումն ամենեւին էլ մտացածին չէ, Նամինը ենթադրությունը հիմնավորում է կոնկրետ օրինակով:

«Ընկերներիցս մեկի՝ Վլադիմիր Խարիտոնովի որդին՝ Վասիլի Խարիտոնովը, որը Դնեպրովի հետ «Моя Армения» հանրահայտ երգի համահեղինակն է, իմանալով որ ես էլ եմ հայ, ինձ որոշ բաներ է պատմել: Այս երգը Հայաստանում հնչում է ամենուր, բայց հեղինակը դրա դիմաց գրոշ անգամ չի ստացել: Իսկ երբ փորձում է ինչ-որ բան պարզել, նրան բոլորն էլ «հեռու տեղ են ուղարկում»: Նա շարունակում է փորձել օրինական ճանապարհով հասնել արդյունքի, սակայն ապարդյուն: Հենց այս օրինակն էլ բավարար է՝ ենթադրելու համար, որ Հայաստանում ճիշտ և ճիշտ այն իրավիճակն է, ինչ 90 ականներին Ռուսաստանում էր: Ես չգիտեմ իմ երգերը Հայաստանում կատարում են, թե՝ ոչ, բայց «Моя Армения»-ն հաստատ կատարում են, եւ եթե Խարիտոնովը ոչինչ չի ստանում դրա դիմաց, ապա դա առկա իրավիճակի լավագույն ցուցիչն է: Ռուսաստանում արդեն ամեն ինչ կանոնակարգվել է, գործակալության գործունեության թափանցիկությունն արտահայտվում է հեղինակներին հատկացվող գումարներով: Եթե նախկինում ես ոչինչ չէի ստանում իմ երգերի համար, այդ թվում «Мы желаем счастья вам» երգի համար, հիմա արդեն ես հեղինակային իրավունքի համար ստանում եմ բավականին շոշափելի պարգեւավճարներ: Դրական փոփոխությունները հնարավոր են եւ Ռուսաստանը դրան հասավ: Ցանկալի կլիներ դրական փոփոխություններ լինեին նաեւ Հայաստանում»:

Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728