Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի համոզմամբ, Ամանորի գիշերը գրանցված պայմանագրային զինծառայողի մահվան դեպքը մեծ աղմուկ չէր հանի, եթե ժամանակին հրապարակվեր:
Հիշեցնենք, որ զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չէր եղել, ու մոտ մեկ ամիս անց լրատվամիջոցներն այդ մասին գրեցին:
«Կարծում եմ, որ եթե ՊՆ-ն ոչ միանգամից, ապա մի տասը օրվա ընթացքում պետք է հայտներ, ու համոզված եմ, որ այդ դեպքով այդքան աղմուկ չէր բարձրացվի, եթե ժամանակին մահվան մասին հայտնեին»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:
Անդրադառնալով քննադատություններին, թե նախկինում չկային դեպքեր, երբ բանակում գրանցված կորուստների մասին պաշտոնական հաղորդագրություն չտարածեին, փորձագետը նկատեց. «Շատ են հնչում կարծիքներ, որ վերջին տարիներին չի եղել, որ կորուստների մասին չհայտնեն, իրականում եղել է, մենք 2016-ին, 2017-ին դատախազություն էինք դիմել, դատախազությունը տվել էր շատ ավելի մեծ թվեր, քան հայտնել էին այդ մասին ՊՆ-ից: Խոսքը հիմնականում այն կորուստների մասին է, որոնք ծառայության հետ կապ չունեն, բայց ցանկացած դեպքում ԶՈւ կորուստ են, օրինակ, զինծառայողն իր տանը ինֆարկտից մահացավ, սա էլ է զինված ուժերի համար կորուստ»:
Նա հիշեցրեց, որ 2011-ից է ձեւավորվել հասարակական պահանջ՝ բոլոր կորուստների մասին տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ. «2011-ին մի շարք հասարակական կազմակերպություններ հուզական օրակարգ ստեղծեցին, թե ԶՈՒ ցանկացած միջադեպ ու կորուստ պետք է լուսաբանվի: Եվ ցանկացած միջադեպ հերթական անգամ իշխանություններին քննադատելու առիթ էր դառնում, հանրության համար աղմկոտ թեմա էին դառնում ոչ միայն լուրջ միջադեպերը, այլեւ ծառայության հետ կապ չունեցող դեպքերը: Հիմա էլ կա նույն մտայնությունը, որ ցանկացած չլուսաբանված կորուստ դառնում է քննադատության թեմա այդ թվում եւ նոր իշխանությունների ու ՊՆ-ի հասցեին:
Իմ կարծիքով, եթե ինչ-որ միջադեպ է եղել մարտական հերթապահություն կատարելիս կամ ընդհանրապես ծառայությունն իրականացնելիս, խոսքը նաեւ բռնի մահվան մասին է, պետք է դրա մասին լուսաբանել, հրապարակել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ