Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կինոռեժիսորը դադարեցնի հացադուլը

Փետրվար 11,2019 16:38

ԴԻՄՈՒՄ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՆԱԽԱՐԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ, ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հայտարարած հացադուլն արդեն ուղղակիորեն սպառնում է նրա առողջությանն ու կյանքին: Իրավիճակի վատթարացումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել, մանավանդ, որ կինոռեժիսորն այս քայլին դիմում է արդեն երկրորդ անգամ:

Դեռ առաջին անգամ հայտարարված հացադուլի առաջին իսկ օրը հանդիպել եմ Հովհաննես Գալստյանին, հորդորել՝ չդիմել նման ծայրահեղ միջոցների, դադարեցնել հացադուլը, փորձել երկխոսության, բանակցությունների միջոցով գտնել լուծումներ: Առաջարկել եմ նաև իրավական խորհրդատվություն: Այդ օրերին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած հանդիպումը հույս ներշնչեց, որ կինոռեժիսորի կողմից բարձրացված խնդիրը կքննարկվի, կգտնվեն լուծումներ, բայց, ցավոք, այն մնաց չլուծված:

Այսօր ստեղծված իրավիճակը դուրս է ողջամտության բոլոր սահմաններից:

Չկա առավել թանկ բան, քան մարդու կյանքը: Չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել: Չկան հարցեր, որոնք անհնար է կարգավորել երկխոսության միջոցով: Այս օրերին ևս դիմել ենք Հովհաննես Գալստյանին՝ կյանքի համար սպառնալիք հանդիսացող հացադուլը դադարեցնելու խնդրանքով, մեզ հասու բոլոր միջոցներով խնդրի կարգավորմանն աջակցելու առաջարկով, բայց կինոռեժիսորն անդրդվելի է:

Նկատի առնելով ստեղծված իրավիճակը, մարդու կյանքի ու առողջության պահպանման անքննարկելի, անվիճելի գերակայությունը, դիմում եմ ՀՀ մշակույթի նախարարությանը, ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին, ՀՀ մշակույթի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար տիկին Լիլիթ Մակունցին, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին՝ անհապաղ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կինոռեժիսորը դադարեցնի հացադուլը, և որպեսզի քննարկվեն կինոռեժիսորի բարձրացրած հարցի կարգավորման հնարավոր բոլոր միջոցները երկխոսության միջոցով:

 

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728