Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ «Punch Boxing» պրոումոթերական ընկերության հիմնադիր նախագահ Արամ Դավթյանը հայտարարեց համատեղ մի նոր ծրագրի մասին, որն իրականացնելու նպատակով արդեն աշխատում են WBC-ի հետ, որի փոխնախագահ եւ գործկոմի անդամ Օքսաննա Սեմենիշինան այժմ Հայաստանում է եւ ներկա էր հանդիպմանը:
«Ես վաղուց եմ համագործակցում իմ ամենասիրելի կազմակերպության՝ WBC-ի հետ: Ես շատ հրապուրիչ առաջարկ եմ ստացել, թե ինչպես կարելի է համախմբել հայ բռնցքամարտիկներին: Ստեղծում ենք նոր գոտի՝ «WBC Armenia», որը կշնորհվի հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների շրջանում աշխարհի չեմպիոններին: Սա շատ հետաքրքիր առաջարկ է, որը միավորելու է աշխարհի տարբեր երկրներում ապրող, մարզվող եւ հանդես եկող հայ բռնցքամարտիկներին: Այս հրաշալի գաղափարը կյանքի կոչելը հեշտ չէ եւ ժամանակ կպահանջվի, սակայն հույս ունեմ, որ տեսանելի ապագայում կհաջողենք», – ասաց նա: Aravot.am-ի առաջարկին՝ դա կարելի է անվանել «Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի առաջնություն», Արամ Դավթյանը ուրախությամբ հավանության արժանացրեց:
«Շնորհակալություն եմ հայտնում «Punch Boxing» պրոումոթերական ընկերության նախագահ Արամ Դավթյանին՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտը ոչ միայն Հայաստանում, այլեւ հայ բռնցքամարտիկների մասնակցությամբ նրա սահմաններից դուրս հաջողությամբ զարգացնելու համար, – ասաց Օքսաննա Սեմենիշինան: – Հայաստան իմ այցի գլխավոր նպատակը այստեղ պրոֆեսիոնալ բռնցքամարտը առաջ մղելն է: Ցանկանում ենք, որպեսզի սիրողական կարիերան ավարտելուց հետո տղաները հասկանան, որ դրան կա շարունակություն՝ պրոֆեսիոնալ ռինգում: Ես մեծ հույսեր ունեմ, որ մեզ կհաջողվի WBC-ի հովանու ներքո իրականացնել հայ բռնցքամարտիկներին միավորելու հատուկ ծրագիրը: Հիմնականում կընտրվեն այն քաշային կարգերը, որոնցում ավելի շատ բռնցքամարտիկներ կան եւ հուսով եմ, որ Արամ Դավթյանն իր պրոումոթերական ընկերությունով այս ծրագիր, ինչպես բազմաթիվ այլ ծրագրեր, իրականություն կդարձնի»:
Արամ Դավթյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն սկսել են հաշվառել քաշային կարգերի բռնցքամարտիկներին եւ ցուցակ կազմել: «Շուրջ 80 անուն ենք հավաքագրել: Միակ բարդությունն այն է, որ դժվար կլինի բոլորին միեւնույն ժամանակ մեկտեղ հավաքել: Դրա համար, կարծում եմ, սկզբում առանձին մենամարտեր կկազմակերպենք, իսկ կիսաեզրափակիչներն ու եզրափակիչները կանցկացնենք Հայաստանում», -ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ