Համայնքները միասին վերցրած 42 միլիարդ դրամի պարտքեր՝ ապառքներ ունեն պետությանը, որից 27 միլիարդ դրամը գույքահարկի գծով է, 19 միլիարդը՝ հողի հարկն է: Այսօր այս մասին ասաց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, որը մասնակցում էր կառավարության շենքում կազմակերպված «Պետություն-համայնք համագործակցության նոր ձեւաչափ ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողովին: Պապիկյանն ասաց, որ համայնքներ այցելության ժամանակ հաճախ են իրեն հարց տալիս՝ ներվելո՞ւ են այդ պարտքերը, ինչպես նախորդ տարիներին է եղել, ինչին ի պատասխան, պարոն Պապիկյանն ասել է՝ ոչ:
Սուրեն Պապիկյանի խոսքով համայնքների ղեկավարներին հորդորել են օրենքի շրջանակներում պարտք մնացած հարկերը հավաքագրել:
Նախարարի խոսքով տարիներ ի վեր կուտակված պարտքերը չեն հավաքագրվել սխալ վարչարարության արդյունքում:
Մանրամասները՝ տեսանյութում
Սուրեն Պապիկյանը համայնքների համար լուրջ խնդիր համարեց նաեւ այն, որ հողատարածքները չեն մշակվում, ասաց, որ պատրաստ են կանգնել գյուղապետի եւ մարզպետի թիկունքին, եթե համայնքների համար զարգացման իրական ծրագրեր ներկայացնեն:
«Չմշակվող հողերի ու հարկերի հավաքագրումը խնդիր է: Մեր համայնքներում այս տարիների ընթացքում տեղի է ունեցել մի գործընթաց, որի արդյունքում մեր մշակելի մի զգալի հատված չի մշակվում եւ դրա արդյունքում Հայաստանը խնդիր է ունենում պարենային անվտանգության»:
Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ սահմանամերձ գոտիներում հարկային արտոնությունները բավականին լուրջ խթան են տնտեսական ակտիվության համար, սակայն, ըստ պարոն Չոբանյանի, այդ հանգամանքը դեռեւս չի ռեալիզացվել մեր երկրում, հատուկենտ դեպքեր են, որոնք հաջողված են. «Սահմանամերձ գոտիներն ունեն նաեւ երաշխիքների կարիք, որոնք մենք պետք է սահմանենք: Որովհետեւ, ցանկացած գործարար ներդրում կատարելու ժամանակ միայն չի կանգնում հարկային արտոնությունների եւ տնտեսական էֆեկտների վրա, հաշվի է առնում իր ներդրման նաեւ ապագա երաշխիքները»:
Մանրամասները՝ տեսանյութում
Սուրեն Պապիկյանն ասաց, որ մարտի 23-ին համապետական շաբաթօրյակ է տեղի ունենալու եւ համայնքների պատասխանատուներին ու բնակիչներին հորդորեց մասնակցելու համայնքների մաքրման աշխատանքներին: Ասաց նաեւ, որ ինքն անձամբ մարզպետների հետ քայլելու է բնակավայրից բնակավայր ու աղբը հավաքելու է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ