«Եթե կառավարության ութ ամիս առաջ ներկայացրած ծրագրում հեղափոխական առաջընթացը վերաբերում էր գործնականում բոլոր ոլորտներում, ապա իրողությունների ազդեցության տակ այս նոր ծրագրում ընդամենը մեկ անգամ է արձանագրվում հեղափոխական զարգացման՝ տնտեսական հեղափոխության մասին: Դա էլ, կարծում եմ, կարելի է համարել մահացող էյֆորիայի վերջին ճիչ»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում այսպես բնութագրեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագիրը ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը:
ՀՀԿ-ական նախկին իշխանավորի բնորոշմամբ, գործող կառավարության ծրագիրը շատ բաներով կրկնում է 2017 թվականի`ՀՀԿ-ական կառավարության ծրագիրը, բայց ոչ թե բովանդակային մասով, գեղարվեստական կողմով: «Ծրագրում շատ են մակդիրները եւ ածականները»,- նկատել է Գագիկ Մինասյանը:
Անդրադառնալով զարգացման երեք ներկայացված հիմնական ցուցանիշներին էլ, բանախոսն ասաց. «2017 թվականին մեր երկիրը արձանագրել է 7,5 % տնտեսական աճ, անցած տարի՝ 6.5 % աճ, այն պարագայում, երբ 2018 թվականը սկսեցինք տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշով 10,7 %, իսկ տարին այդ մեծ դրականի շնորհիվ ավարտեցինք 5,8 % աճով: Այսինքն՝ տարվա վերջում մենք գործնականում շուրջ 5% նվազեցրինք մեր ակտիվությունը»: Մյուս երկու ցուցանիշներով էլ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը հեղափոխական տնտեսության աճ չի նկատում: Զարմանքն էլ չի թաքցնում. «Բա ի՞նչ եղավ վարչապետի կախարդական փայտիկը»:
Այլ մանրամասները`տեսանյութում
«Իշխանությունը փոխանցեցինք 23 միլիարդով, որը եղավ ներդրումների ուղղակի ավելացմամբ, մեկ եռամսյակի ընթացքում 20 միլիարդն անհետացավ»,- հայտարարեց Գագիկ Մինասյանը` համեմատելով ՀՀԿ-ի թողած ժառանգությունը եւ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կառավարության արձանագրած թվային ցուցանիշները: Նա կանխատեսում է, որ 2018-ի տարեկան ցուցանիշների ամփոփումից պարզ կդառնա, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները մեր երկրում կլինեն ավելի պակաս, քան 2017-ին էր: Այս ամենից հետո իրեն մնում է զարմանալ`եթե տնտեսությունը բարելավում ենք, օրենքները բարելավում ենք, կոռուպցիան եւ մենաշնորհները նվազեցնում ենք`ո՞ւր է ներդրումների հոսքը. «Ուրեմն, կամ մեկը չենք անում, կամ`մյուսը»:
Գագիկ Մինասյանի համար մտահոգիչ է նաեւ, որ կառավարությունը ետ է կանգնել ծրագրային բյուջետավորման համակարգի լիարժեք ներդրման ճանապարհից: Համենայնդեպս, ծրագրում չկա որեւէ խոսք այդ մասին:
Գագիկ Մինասյանին արժանահավատ չեն թվում նաեւ կառավարության կառուցվածքի փոփոխությունները, քանզի դրանք չեն հիմնավորվում եւ փաստարկվում: Ավելին, ոլորտի մասնագետների փաստարկներին պատշաճ հակափաստարկ չի ներկայացվում կառավարության կողմից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ