«Վերջիվերջո հստակեցնենք, որ նախարարությունների գործառույթը քաղաքականություն մշակելն է, այսինքն՝ նախարարությունը երբեւէ չի կարող ինչ-որ գործողություններ անել, ասենք՝ մարդկանց ջուր տալ: Այն մշակում է քաղաքականություն, որի հիման վրա, օրինակ, էներգետիկ ոլորտն ավելի արդյունավետ կկառավարվի: Հիմա անունը կդնենք նախարարություն, թե վարչություն կամ բաժին, էական չէ: Էականն այն է, թե քաղաքականություն մշակողներն ինչպես են աշխատելու»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով կառավարության օպտիմալացման նախագծին, համաձայն որի՝ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը միավորվելու է Տարածքային կառավարման նախարարությանը, ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ պետք չէ կենտրոնանալ հարցի վրա, թե որ կառույցն է ունենալու նախարարության կարգավիճակ, իսկ որը՝ բաժնի. «Ենթակառուցվածքների մասին է խոսքը: Երբ ենթակառուցվածքները միավորվում են մեկ նախարարությունում, դա տրամաբանական է: Իսկ գյուղատնտեսության նախարարության օպտիմալացմանը դեմ արտահայտվողները շատ են, բայց կրկին շեշտեմ՝ անունն ու կարգավիճակը էական չեն, այլ մշակվելիք քաղաքականություններն այդ ուղղությամբ»:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Հրաչ Բերբերյանի հայտարարությանը, թե գինեգործության ոլորտում թվացյալ ոգեւորություն է, քանի որ գինին տանում են Մոսկվայի պահեստներ ու վարչապետին ցույց տալիս, թե արտահանում կա, Վարազդատ Կարապետյանը նկատեց. «Եթե հայկական ընկերությունն իր պահեստից գինին հասցնում է Մոսկվա, ուրեմն Մոսկվայի ցանցերի միջոցով է իրացնելու, ուստի անհանգստության պատճառը չեմ հասկանում: Գինեգործության ճյուղը վարչապետին ինչ-որ բան ցույց տալու կարիք չունի: Այն, առհասարակ, թվեր ցույց տալու կարիք չունի: Ձեռնարկություններ են, ուզում են զարգանալ: Որքան հասկանում եմ՝ Հրաչ Բերբերյանն ասում էր, որ գինեգործությունը չէ գյուղատնտեսության զարգացման առանցքային ճյուղը: Համաձայն եմ կարծիքի հետ: Այն հեռանկարային, բայց ոչ առաջնային ճյուղ է: Ավելի կարեւոր խնդիրներ ունենք՝ ցորենի մշակում, կաթի մթերում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Վարազդատ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից