Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանն ասաց, որ վարորդ է փնտրում, որի աշխատավարձը 80 հազար դրամ է, մարզպետարանի հավաքարարի աշխատավարձը՝ 55 հազար դրամ, որը պետք է երեք հարկ մաքրի եւ արդյո՞ք պետք է պարգեւատրում տար, թե՝ ոչ:
Մարզպետը եկել էր մասնակցելու «Պետություն-համայնք համագործակցության նոր ձեւաչափ ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողովին, որը տեղի ունեցավ կառավարության շենքում:
Դավիթ Գեւորգյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ մարզի ուսուցիչներին, մանկապարտեզների դայակ-դաստիարակներին էլ չեն պարգեւատրել կամ աշխատավարձերը բարձրացրել:
Ի պատասխան՝ մարզպետն ասաց, որ այդ կառույցների աշխատավարձերի հարցը ինքը չէ որոշում եւ չի կարող բոլորի տեղը պատասխան տալ. «Մանկապարտեզում դայակների, ուսուցիչների, բոլորի աշխատավարձն էլ ցածր է: Իսկ նույն դպրոցներում, երբ 4 պահակ են պահել, հարսներին, խնամիներին ընդունել են գործի, 62 աշակերտով դպրոցը 2 փոխտնօրեն է ունեցել, հինգ հավաքարար: Այ այդտեղ են գումարները կորել»:
Դավիթ Գեւորգյանն ասաց, որ այդ մասով ուսումնասիրություններ են անում, հանձնաժողով են ձեւավորում եւ կառավարման արդյունավետությամբ են զբաղվելու:
Մարզպետը նաեւ ասաց, որ օրենքով սահմանված կարգով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում կարող են աշխատակիցները պարգեւատրումներ ստանալ:
Հարցին, իսկ բժիշկներն ինչու չեն ստանում պարգեւատրումներ, Դավիթ Գեւորգյանը պատասխանեց, որ ինքը կարող է պատասխան տալ աշխատավարձի այն ֆոնդի մասին, որն ինքն է տնօրինում:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ