Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Գյուղապետարաններում 25 կիլոմետրանոց հաստիքացուցակներ են՝ եղբոր կին, հորեղբայր, հորեղբոր կին»

Փետրվար 11,2019 15:21

«Ցավոք սրտի, դեռ Հայաստանում կա այն մտայնությունը, որ հեղափոխություն էր՝ եղավ պրծավ, երկու ամիս կանցնի կամ մեկ տարի, հեսա խորհրդարանական ընտրություններն էլ հորով-մորով արինք, հեսա բոլորը կմոռանան ինչի համար էինք հավաքվել եւ ամեն ինչ կսկսվի նորից: Ես խնդրում եմ նման հույս չունենաք, ամեն ինչ չի սկսվելու նորից եւ որեւէ բան չի վերադառնալու հնին»,-այսօր համայնքների ներկայացուցիչների առաջ ելույթ ունենալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ միակ բանը, որ կլինի՝ Հայաստանում կոռուպցիան եւ կոռուպցիոներներին արմատախիլ անելն է:

Վարչապետը մասնակցում էր կառավարությունում կազմակերպված «Պետություն-համայնք համագործակցության նոր ձեւաչափ. Ենթակառուցվածքների զարգացում» համաժողովին: Փաշինյանի խոսքով, գյուղապետարաններում հաստիքացուցակները 25 կիլոմետրանոց են՝ եղբայր, եղբոր կին, հորեղբայր, հորեղբոր կին, բարեկամի ընկեր, վարորդ, հավաքարար, որոնք երբեք գործի չեն գալիս. «Հետո ասում են երկրում փող չկա: Եկեք այդ փողն արդյունավետ օգտագործենք»:

 

Վարչապետը անդրադարձավ համայնքներում ներդրումներ անելու խոչընդոտներին: Ըստ նրա, համայնքներում աչքի ընկնող օբյեկտները, որպես կանոն, համայնքի ղեկավարինն են կամ տեղակալինը. «Սա զարմանալի իրականություն է, զարմանալի է, որ այդ ամենը հանդուրժվում է լայն հանրության կողմից եւ ստանում ընտրական որոշակի զարգացում, որովհետեւ յուրաքանչյուր ընտրող ցուցակում հայտնվում է իր սեփականության ծավալներն ընդլայնելու»:

Փաշինյանի խոսքով, պետական ծառայությունը ոչ միայն վարչապետի, նախարարի, ոչ միան ԱԺ պատգամավորի, այլեւ համայնքի ղեկավարի ու ավագանու անդամի համար էլ չի կարող եւ չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն:

Համաժողովում վարչապետը համայնքների ներկայացուցիչներին ասաց, որ այս տարի էլ 10 միլիարդ դրամի սուբվենցիա կտրամադրվի համայնքներին: Ասաց, որ այդ գումարով պետք է զարգացնեն ենթակառուցվածքները, որպեսզի խթանվեն ներդրումային ծրագրերը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728