ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հաստատվեց հանձնաժողովի աշխատակարգը: Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր հանձնաժողովի փոխնախագահ ընտրելուն:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում ԲՀԿ-ն ներկայացրել է Վարդան Վարդանյանի թեկնածությունը՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Վարդան Վարդանյանը ներկայացրեց իր կենսագրությունը, ըստ որի, աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում, «Ջրմուղկոյուղու» տնօրեն, տրանսպորտի եւ կապի փոխնախարար, աշխատել է քաղաքաշինության նախարար: Նա ասաց, որ ունի տնտեսական գիտությունների թեկնածուի կոչում, 3 երեխա եւ 8 թոռնիկ:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Վարդան Վարդանյանի փորձը անպայման օգտակար է լինելու: Վարդանյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ:
Նիստի վերջում Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց՝ «Բանակի արդիականացումը, ուժային կառույցների վերահսկողությունը լինելու է մեր բոլորի առաջնահերթությունների մեջ: Առաջնագծի զինվորից, ոստիկանից սկսած՝ մեր ուշադրության կենտրոնում են լինելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ