Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք ցանկանում, որ շարունակվի ոճը` ամեն ինչ որոշվում էր վերեւում». Բորիս Նավասարդյան

Փետրվար 11,2019 15:07

Շուտով լրանում է Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահի լիազորությունների ժամկետը: Դեռ ամռանը, հետհեղափոխական շրջանում, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն առաջարկել է հինգ անդամից բաղկացած անկախ մրցութային հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի Հանրային հեռուստաընկերության խորհրդի անդամների եւ նախագահի ընտրություններով: Այդ պաշտոնները նախկինում նշանակովի էին: Անկախ մրցութային հանձնաժողովի կազմում պետք է լինեին ներկայացուցիչներ ԿԳ եւ մշակույթի նախարարություններից, մեկ անդամ պետք է ներկայացնեին լրագրողական կազմակերպությունները, մեկը`ստեղծագործական միությունները, հինգերորդ անդամին պետք է ներկայացներ-նշանակեր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը:

ՀՌՀ այս նախաձեռնությունը դրական արձագանք է գտել: Արդյունքում, անկախ մրցութային հանձնաժողովում առաջարկվել եւ նշանակվել են մշակույթի նախարարի կողմից փոխնախարար Նազենի Ղարիբյանը, ԿԳ նախարարությունից`փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ստեղծագործական միությունների կողմից`Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, լրագրողական կազմակերպությունների կողմից`լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Վերջերս, սակայն, «Ա1+»-ը մի նյութ է հրապարակել`«Սաթիկ Սեյրանյանին չե՞ն լիազորել» վերտառությամբ, ինչը կասկածի տակ է դրել անկախ մրցութային հանձնաժողովի ձեւավորումը: Ըստ հրապարակման, ստեղծագործական որոշ միությունների նախագահներ պնդում են, որ իրենք տեղյակ չեն եղել այդ ամենի մասին եւ չեն ստորագրել Սաթիկ Սեյրանյանի թեկնածության օգտին: Սաթիկ Սեյրանյանն էլ պնդել է, որ իր ձեռքի տակ են ստեղծագործական միությունների նախագահների ստորագրությունները եւ նշել է միությունների նախագահների անուններ:

«Տարօրինակ իրավիճակ է»,- այսօր այս առիթով «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները տարակուսած են ստեղծված իրավիճակից, քանզի իրենք համաձայնել են այս գործընթացին մասնակցել`բացառապես այն պայմանով, որ գործընթացը թափանցիկ եւ անաչառ պետք է լինի:

«ՀՌՀ-ն որոշեց ներառական գործընթաց ապահովի, շատ ողջունելի է դա, բայց մենք չենք ցանկանում, որ շարունակվի այն ոճը, որ ամեն ինչ որոշվում էր վերեւում: Այդպիսի ռիսկեր տեսնում ենք: Հիմա գործընթացներ են լինում, որ ցույց են տալիս, որ ոչինչ չի փոխվել»,- ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` հավելելով, որ վերջերս անհարմար խնդրի առջեւ են կանգնել, քանզի ՀՌՀ-ն վերջին ամիսներին մի դիրքորոշում է ընդունել, որ «դա մեր գործընթացն է, ում կցանկանանք, նրան էլ կներկայացնենք»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ հավելում է, տվյալ վիճահարույց հրապարակումից հետո, ինքը ՀՌՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին ուղարկել եւ խնդրել է ներկայացնել այն հիմքերը, որոնց հիման վրա Սաթիկ Սեյրանյանն է նշանակվել մրցութային հանձնաժողովում`ստեղծագործական միությունների կողմից: «ՀՌՀ-ի պատասխանը ընդհանրական է, հիմքերը չկան, հասկանալի չէ»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Լեւոն Բարսեղյանը նույնպես գնահատելի է համարում, որ հեղափոխությունից հետո բարի կամք դրսեւորվեց եւ այսպիսի քվոտավորում իրականացվեց. «Մենք միայն այդպիսի քվոտավորման պարագայում ենք այս գործընթացին համաձայնել մասնակցել»: Կհրաժարվի՞ իր այդ մանդատից Լեւոն Բարսեղյանը, թե`ոչ: «Ես, այնուամենայնիվ, մեդիակազմակերպությունների տված մանդատով եմ այնտեղ, եթե նույն կազմակերպությունները կորոշեն, որ ընթացակարգեր են խախտվել եւ կարիք չկա, որ այնտեղ լինեմ`չեմ լինի»,- ասաց նա` հավելելով, որ այս կասկածներով մրցութային հանձնաժողովի ձեւավորումը ստվերում է նաեւ առաջիկա մրցույթներում անդամի ընտրության քվեարկությունը:

«Ճիշտ կլինի, որ ՀՌՀ-ն պատշաճ բացատրություն տա: Ի վերջո, ստեղծագործությունների նախագահները ողջամիտ մարդիկ են»,- ասաց Բորիս Նավասարդյանը: Աշոտ Մելիքյանն էլ կարծում, է, որ Սաթիկ Սեյրանյանն էլ կարող է փարատել մտահոգություններ, եթե հրապարակի այն ստորագրությունները, որոնց մասին ինքը ասել է «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում:

Լեւոն Բարսեղյանի կարծիքով էլ, առավել ճշգրիտ կլինի, եթե Հանրային հեռուստաընկերության խորհուրդը ամբողջությամբ հրաժարական տա եւ պայմաններ ստեղծի`նոր, անաչառ ընտրությունների համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Թեմայի շարունակությունը՝ շուտով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728