«Հարցադրումը սխալ է. կարեւոր է իմանալ, որ Սիրիա զորք չի ուղարկվել, այլ ուղարկվել է մասնագետների խումբ: Այս ձեւակերպումն էապես փոխում է հարցը: Բացի այդ, ՊՆ-ն հստակ նշել է առկա իրավական հիմքերն այն մասին, թե ինչու է մասնագետների խումբը գործուղվել Սիրիա»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հումանիտար մասնագետների խմբի՝ Սիրիա գործուղմանը, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Նրա բնորոշմամբ՝ հայտարարություններ են հնչում, թե մասնագետների խմբին Սիրիա գործուղելու համար պայմանագիր պետք է լինի. «ՊՆ-ն ասել է, որ գործուղման հիմքը 2001թ.-ին կնքված ՀՀ-Սիրիա համաձայնագիրն է»:
Ինչ վերաբերում է նոր կառավարության ծրագրին, Ռուբինյանն ասաց, որ վերջինիս արտաքին քաղաքականությանն առնչվող մասը դրական է գնահատում:
«Արտաքին քաղաքականության վեկտորներում շեշտակի փոփոխություններ չկան, բայց դա չի նշանակում, թե գործող ուղղություններում աշխատելու տեղ չկա: Համաձայն չեմ գնահատականների հետ, թե կառավարության ծրագիրը բազմավեկտոր չէ: Չեմ կարծում, որ արտաքին քաղաքականությանն առնչվող մասը պետք է դետալացվի: Ուղենիշային փաստաթղթում դետալներ անհրաժեշտ չեն»,-համոզմունք հայտնեց Ռուբեն Ռուբինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ