Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Համայնքների խոշորացման եւ մարզպետարանների աշխատանքի նոր չափորոշիչներ կմշակենք». Սերգեյ Բագրատյան

Փետրվար 11,2019 14:43

ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի անդրանիկ նիստում այսօր միաձայն հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանը: «Նա երկար տարիներ աշխատել է ՏԻՄ մարմիններում եւ ԱԺ-ում: Վստահ եմ, որ այդ փորձն օգտակար կլինի մեզ»,-Բագրատյանին ներկայացնելով հանձնաժողովականներին` ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Ապա նա անդրադարձավ օրակարգի մյուս հարցին՝ հանձնաժողովի աշխատակարգին: «Որքան էլ որ մեր գործընկերներն ընդդիմադիր կուսակցություններից լինեն, մենք բոլորս իշխանություն ենք՝ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ: Որքան շատ աշխատենք միասին ու համակարգված, այնքան՝ լավ»,-վստահեցրեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը:

Օրակարգի մյուս հարցը չօգտագործվող հողերի խնդիրն էր, որի առնչությամբ, Վարազդատ Կարապետյանի փոխանցմամբ, ստեղծվում է աշխատանքային խումբ: Կարապետյանը նշեց, որ 200 հազար հեկտար չօգտագործվող հողեր կան, որոնք կազմում են ՀՀ վարելահողերի 45%-ը. «Այն, ինչ քննարկենք, օրենսդրական նախաձեռնության տեսք է ստանալու. հողահարկի մասին օրենքում կամ հողային օրենսգրքում գուցե փոփոխություններ լինեն»:

Վարազդատ Կարապետյանը նշեց, որ իրենց հանձնաժողովից երեք պատգամավոր կմասնակցի նշյալ խնդրով զբաղվող աշխատանքային խմբի քննարկումներին:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրված ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հավելեց. «Քաղաքացիներից շատ դժգոհություններ կան համայնքների խոշորացման առնչությամբ: Կարծում եմ՝ մենք նոր չափորոշիչներ պետք է մշակենք, որպեսզի դժգոհություններ չունենանք: Մարզպետարանների աշխատանքը եւս նոր չափորոշիչների կարիք ունի: Եկեք դա անվանենք ոչ թե օպտիմալացում, այլ արդյունավետ կառավարման նոր համակարգ: Բացի այդ, առաջնահերթ են գյուղատնտեսության ապահովագրության խնդիրները: Պոչամբարների հարցում եւս շատ անելիքներ ունենք, օրինակ՝ հանքերի շահագործման նոր ընթացակարգ մշակելու առնչությամբ: Հանքարդյունաբերության վիճակն օր օրի ծանրանում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728