Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտեզում» է գտնվել Ծառուկյանի մոտ աշխատող անվտանգության զինված աշխատակիցը

Փետրվար 11,2019 13:54

Ինչպես տեղեկացրել ենք, բժշկական կենտրոնում մահացել է «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ զինված հարձակման ժամանակ վիրավորված 21-ամյա Ջիվան Հարությունյանը։ Վերջինս ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի ազգականներից է։ Նա 8 վիրավորվածներից մեկն էր, որը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով էր տեղափոխվել բժշկական կենտրոն։ Այս օրերին բժիշկները փորձում էին փրկել երիտասարդի կյանքը, բայց չհաջողվեց։

Վիրավորների թվում են նաեւ Մանուկյանի զարմիկները, իսկ 2-ը՝ Ծառուկյանի կողմնակիցներից են։ Վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում։

Այս գործով Շանթ Մանուկյանի պաշտպանն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հրանտ Գեւորգյանը: Շանթին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով, սակայն ինչպես մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց պաշտպանը, Շանթի ձերբակալությունն անհիմն է ճանաչվել, նրա մասնակցությունը կատարվածին չի հիմնավորվել, ուստի այս պահին խափանման միջոց ընտրված չէ նրա նկատմամբ:

Ըստ պաշտպանի, Շանթն է տեղափոխել վիրավորներից մի քանիսին հիվանդանոց, այդ թվում՝ քիչ առաջ մահացած Ջիվանին, նաեւ Արթուր անունով մեկին, որի շահերը դարձյալ կներկայացնի Հրանտ Գեւորգյանը: Չի բացառվում, որ վերջինը ճանաչվի տուժող: Արթուրն այս պահին ոտքի վնասվածքով գտնվում է հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ զինված հարձակումը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի լույս 29-ի գիշերը։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու կողմնակիցները զինված գնացել են ռեստորանային համալիրի մոտ՝ պարզաբանում պահանջելու ավելի վաղ Մուլտիտրանսսերվիս ընկերությանը պատկանող ավտոտեխսպասարկման կենտրոնում տեղի ունեցած միջադեպի համար։

Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների, Մելիք Մանուկյանի եղբոր որդին իր ընկերոջ հետ նշված ընկերության ավտոտեխսպասարկման կենտրոնում խնդրել է նորոգել ավտոմեքենայի անիվը, որտեղ տարբեր պատճառաբանություններով՝ աշխատակցի տեղում չլինելու, ապա նաեւ աշխատանքային ժամն ավարտված լինելու պատճառով հրաժարվել են սպասարկել։ Իսկ նշյալ ավտոտեխսպասարկումն աշխատացնում են «Բարեց Վահրամ» մականունով հայտնի Վահրամ Գրիգորյանն իր երկու եղբայրների հետ, ովքեր Գագիկ Ծառուկյանի շրջանակներից են։ Հայտնի վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի։ Մելիք Մանուկյանի զարմիկը հեռացել է՝ ուղեւորվելով ռեստորան, որտեղ հավաքված են եղել իրենց այլ հարազատներն եւ ընկերները:

Դարձյալ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, տեխսպասարկման կենտրոնի աշխատակիցների համախոհներից մեկը զանգել եւ Մելիք Մանուկյանի քրոջ որդուն առաջարկել է հանդիպել Աբովյանի մարզադպրոցի մոտ, որտեղ չկան տեսանկարահանող սարքեր, ինչը Մելիք Մանուկյանի ազգականները մերժել են։ Ապա, տեղեկանալով, որ վերջիններս գտնվում են ռեստորանում, մի խումբ անձինք՝ նրանց թվում Թաթ մականունով հայտնի Արթուր Վարդանյանը, որը Ծառուկյանի մոտ աշխատել է որպես անվտանգության աշխատակից, զինված, տարբեր մեքենաներով ուղեւորվել են այնտեղ։ Վիճաբանությունը վերածվել է զինված բախման, հնչել են կրակոցներ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728