«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ եւ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ այդ գործով դատական նիստն էր:
Արա Մինասյանը պահանջում է, որ Արսեն Թորոսյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի եւ հերքի զրպարտություն համարվող փաստական տվյալները։
Հայցվոր Արա Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը ներկայացրեց հայցի հիմքը եւ առարկան, նաեւ իր դիրքորոշումը պատասխանողի առարկությունների մասին:
Նշենք, որ Արա Մինասյանն Արսեն Թորոսյանից պահանջում է ներողություն խնդրել մասնավորապես այս վիրավորական արտահայտությունների համար, որոնք նա կատարել է ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում՝ «կազմակերպված խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական», «ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը չզրկվի իր աթոռից», «Էս հիվանդանոցի հարցը Հայաստանի առողջապահական համակարգի հարցն է, քանի որ այն միշտ վիշապի նման նստած է եղել Հայաստանի առողջապահության աղբյուրի վրա, վիշապը պետք է գլխատվի»:
Մինասյանը պահանջում է հերքել սա, նաեւ պահանջում է Արսեն Թորոսյանին եւ առողջապահության նախարարությանը պարտավորեցնել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն ներողություն խնդրել «Օրինական ատկատ… 10 տոկոս փայ այն ընկերությունից, որտեղից գնում ես անում» արտահայտության համար:
Հայցվորը, որպես փաստ, ներկայացրել է այն, որ 2018 թվականի հուլիսի 27-ին Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերի ժամանակ վերնագրելով «Տուշոնկեքի մասին»՝ արել էր արտահայտությունները, որոնք, ըստ հայցվորի, վերաբերում են Արա Մինասյանին.: Մասնավորապես, դրանք հետեւյալն են՝
«Մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումները այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքն, մենք մինչեւ հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու վերաբերյալ»,
«Մինչեւ հիմա չի դադարում այդ թալանը կամ, այսպես ասած՝ վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Հիմնական բաժինը, 400 միլիոնից ավել, հիմա ասեմ կոնկրետ թիվը, 400 քանի միլիոն, մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ, մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել: Վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում եւ 200 հազար դրամի բուժում են ստացել»,
«8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից եւ տարիներ շարունակ»,
«հետո այդ գումարներով կատարվում են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից, տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժում են ստացել ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց, հիմնականում միշտ նույն մարդկանց»,
«Տարիներ շարունակ բժիշկները աշխատավարձ չեն ստացել նորմալ»,
«Նորից կրկնում եմ, 8000 դրամ հետազոտության փոխարեն պետությունից 400 միլիոն գանձվել է, ամեն մեկի համար 150-200 հազար դրամ, ձեւակերպվել են հիվանդության պատմություններ»,
«Ինչ վերաբերում է քրգործերին, 99 տոկոսով վստահ եմ, որ այստեղ կան քրեական տարրեր, որ այդ գումարները փաստացի շորթվել են պետությունից, ու դրանք պետք է ունենան նաեւ իրավական հետեւանքներ»:
Իր առարկություններում Գեւորգ Գյոզալյանը նշել էր, որ Արսեն Թորոսյանը անվանական ոչ ոքի չի վիրավորել, նա արել է գնահատողական արտահայտություններ, որոնք վերաբերվել են 3-րդ անձի:
Նախորդ նիստում Վահագն Գրիգորյանը խնդրել էր նիստը հետաձգել, այդ առարկությունները ուսումնասիրելու համար՝ ապացուցման բեռը բաշխելու նպատակով:
Այսօր դատական նիստին ներկայացել էր նաեւ բժշկական կենտրոնի ներկայացուցիչը:
Գեւորգ Գյոզալյանը նրան մի քանի հարց ուղղեց՝ ցույց տալու, որ եթե նույնիսկ Արսեն Թորոսյանը զրպարտչական արտահայտություններ է արել, դա Արա Մինասյանի հետ առնչություն չունի: Նա հարցրեց ԲԿ ներկայացուցչին՝ հաշվետվությունները պետպատվերի համար ո՞վ է կազմում՝ ներկայացուցիչը պատասխանեց, որ համապատասխան բաժին կա, հաշվապահություն, ֆինանսական բաժին: Այդ հաշվետվությունների ձեւակերպումների հետ տնօրենը առնչություն չունի: Գնումների հետ կապված արտահայտության մասով էլ հարցրեց՝ ո՞վ է կատարում գնումները ԲԿ-ում, Արա Մինասյա՞նը, պարզվեց, որ գնումների համակարգողի կողմից է կատարվում, վերահսկողությունը ֆինանսական տնօրենի կողմից է, անմիջական կապ տնօրենը դարձյալ չունի: Հիվանդության պատմության ձեւակերպումն էլ, պարզվեց, որ բժիշկներն են անում, ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանին սա նույնպես չէր առնչվում, ըստ ԲԿ ներկայացուցչի:
Ուստի Գեւորգ Գյոզալյանն իր հարցերի պատասխանը լսելուց հետո հայտարարեց՝ «Հարցերս նրա համար էր, որ այստեղ զրպարտության մասին խոսել չենք կարող, եթե կարող է որեւէ մեկը զրպարտության մասին խոսել, դա կարող է լինել միայն երրորդ կողմը, այսինքն՝ բժշկական կենտրոնը, որը արդեն ժամկետը բաց է թողել հայց ներկայացնելու»: Նա ասաց, որ եթե խորանան այդ ապացույցների մեջ, դրա հետ կապված քրգործեր են հարուցվել, մարդիկ են հետախուզման մեջ, ուստի հորդորեց նույնիսկ չխորանալ: Նա վստահեցրեց, որ տնօրենի հետ կապված Արսեն Թորոսյանն առհասարակ որեւէ բան չի ասել. «Մենք կապացուցենք, որ առհասարակ նրան նկատի չի ունեցել: Մենք կապացուցենք, որ իմ վստահորդը որեւէ մեկին չի վիրավորել: Իմ վստահորդը հանդիսանում է քաղաքական գործիչ, նա կաշկանդված չէ: Պետք է հաշվետու նա լինի հասարակությանը եւ այս հաշվետու լինելու շրջանակներում է, որ տեղեկատվություն է մատուցել հանրությանը: Իմ վստահորդը որեւէ մեկին չի վիրավորել առհասարակ, հատկապես՝ Արա Մինասյանին»:
ԲԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ փաստերի մասով որեւէ առարկություն կամ դիրքորոշում չունի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ