2019 թվականի փետրվարի 7-ին ՀՀ հաշվեքննիչ պալատը հերթական նիստ է անցկացրել: Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները.
1.Հաստատվել են մի շարք հաշվեքննությունների արդյունքում կազմված հետևյալ ընթացիկ եզրակացությունները՝
– ՀՀ առողջապահության բնագավառում լիցենզավորման գործընթաց (բացառությամբ դեղատնային գործունեության լիցենզավորման),
– Տեսչական գործառույթ իրականացնող պետական մարմիններ
– ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն։
Վերջիններս պարունակում են հաշվեքննության համապատասխան օբյեկտների գործունեության առնչությամբ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից բացահայտված բազմաթիվ անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ, ինչպես նաև գործունեության բարելավմանը միտված առաջարկություններ։ Ընթացիկ եզրակացություններին կարելի է ծանոթանալ ՀՀ հաշվեքննիչ պալատի կայքէջում։
2.Որոշում կայացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամում իրականացվող ստուգման ընթացքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։ Միաժամանակ, հայտնում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում հաշվեքննությունը շարունակվում է և մինչև դրա ավարտը «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տեղեկությունների հրապարակումն արգելվում է։
3.Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննություններն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակող փոփոխություններ և լրացումներ կատարվեցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հաշվեքննության առաջադրանքում, ինչպես նաև «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում և «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում, ՀՀ կողմից հիմնադրված «Հայաստան» համահայկական հիմնադրամում ստուգման առաջադրանքներում։
4.Հաստատվեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի պետական բյուջեի կատարողականը և ծախսերի նախահաշվի կատարման հաշվեկշիռը։
5.Հաստատվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունում հաշվեքննության առաջադրանքը։
Նիստի ավարտին Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից տրվեցին կազմակերպչական բնույթի հանձնարարականներ:
ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական հաղորդագրություն