Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ Արա Մինասյանն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով դատական նիստն էր: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը դատական հայց է ներկայացրել Արսեն Թորոսյանի դեմ եւ պահանջում է, որ Արսեն Թորոսյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի եւ հերքի զրպարտություն համարվող փաստական տվյալները։
Այս դատական նիստում ապացուցման բեռը բաշխեցին: Արսեն Թորոսյանի փաստաբան Գեւորգ Գյոզալյանն ասաց, որ հաջորդ դատական նիստում միջնորդություն կներկայացնի Արա Մինասյանին որպես վկա հարցաքննելու: Սա այն դեպքում, երբ Արա Մինասյանը հետախուզման մեջ է այլ քրգործով: Արա Մինասյանի ներկայացուցիչը՝ Վահագն Գրիգորյանն ասաց, որ նման միջնորդություն չի կարող բավարարվել, քանի որ կարող է նման բան միայն առաջարկվել. «Առաջարկը չի ընդունվում՝ ես ի սկզբանե ասեմ: Իմ վստահորդը չի ներկայանալու՝ որպես վկա»:
Դատավորը Վահագն Գրիգորյանին ասաց, որ այն նախադեպերը, որոնք վկայակոչել է, ԶԼՄ-ների հետ են կապված, ուստի հարցրեց՝ «Ի՞նչ բնորոշում եք տալիս, երբ անձը ֆեյսբուքով եթերի ուղիղ տարբերակով կարող է հանդես գալ ու որոշակի տեղեկություն տալ, դա լրատվամիջո՞ց է»: Գրիգորյանը պատասխանեց, որ ընտրված միջոցը՝ համացանցը, կարող է համարժեք համարվել ԶԼՄ-ին, թեեւ պատասխանող կողմը ԶԼՄ չի ներկայացնում: Նա ասաց, որ լրագրողները, որպես այդպիսին, ունեն որոշակի գործառույթ, պարտականություն հասարակությանը մատուցել տեղեկատվություն, ՄԻԵԴ որոշումներով ԶԼՄ-ների դեմ որոշումները չպետք է խիստ լինեն, որովհետեւ ԶԼՄ-ն հասարակության համար կարեւոր դեր ունի: Բայց նույնիսկ ԶԼՄ-ները պարտավոր են ստուգել փաստերը հրապարակելուց առաջ, առավել եւս՝ պաշտոնատար անձը, որը չունի հանրությանը տեղեկատվություն հաղորդելու գործառույթ:
Դատավորը նաեւ հարցրեց, թե ի՞նչ եղանակով են ուզում ներողությունը լինի: Վահագն Գրիգորյանը պատասխանեց, որ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջի միջոցով՝ վերնագրելով այն՝ ներողություն եմ խնդրում: Բայց դրա անհնարինության դեպքում 1000 տպաքանակ ունեցող ԶԼՄ-ով: Թե ի՞նչ պետք է լինի, որ անհնարին լինի դա ֆեյսբուքի միջոցով անի՝ Գրիգորյանն ասաց՝ օրինակ, կարող է պարզվի, որ ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը մոռացել է, էլ չի կարողանում այդ էջը մտնել:
Պատասխանող կողմն ասաց, որ զրպարտության թիրախավորումը բացակայում է, ուստի դրա հետ կապված բեռը չպետք է բաշխեն. «Այս ամբողջի մեջ զրպարտություն չկա, իմաստ չենք տեսնում դատաքննությունը ծանրաբեռնել դրանով»:
Դատարանը գտավ, որ պատասխանող կողմը պետք է ապացուցի՝ արդյո՞ք Արսեն Թորոսյանի ֆեյսբուքի միջոցով հայտնած տեղեկությունները եւ դատողությունները ուղղված չեն եղել հայցվոր Արա Մինասյանին եւ արդյո՞ք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ձեռնարկել է բոլոր խելամիտ քայլերը՝ իր կողմից հայտնած տեղեկությունները ճշտելու: Իսկ հայցվորը պետք է ապացուցի, որ փաստերն արատավորում են իր պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը:
Վահագն Գրիգորյանն ասաց, որ դատավարության ընթացում կապացուցի, որ կա թիրախավորում:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 4-ին, ժամը 10-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ