Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փետրվարին Հարավային Կորեայի մայրաքաղաքում ունեցած համերգից հետո հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կայացել է համայնքի նախաձեռնությամբ։ «Նախապես տեղեկանալով, որ Սեուլում ղեկավարելու եմ Կորեայի կամերային նվագախումբը՝ տեղի հայերը դիմել էին ինձ և խնդրել հանդիպել։ Իհարկե, շատ հուզիչ է, երբ գիտես, որ ասիական հեռավոր երկրում քեզ լսելու են եկել քո հայրենակիցները և հանդիպելու ցանկություն հայտնել»,- խոստովանում է երաժիշտը։
Սերգեյ Սմբատյանը նշում է, որ իր հետ հանդիպման եկած հայերը երիտասարդներ էին, որոնք Կորեա տեղափոխվել են կա՛մ Հայաստանից, կա՛մ այլ երկրներից, աշխատում, սովորում են այնտեղ, կայացած մարդիկ են։ «Հայաստանից դուրս ելույթ ունենալիս միշտ առաջարկում եմ, որ հայկական որևէ ստեղծագործություն հնչի համերգի ընթացքում։ Այս անգամ Կորեայի կամերային նվագախմբի հետ կատարեցինք Արամ Խաչատրյանի «Վալսը»։ Հայկական երաժշտությունը, իհարկե, ոգևորում է մեր հայրենակիցներին։ Շփումը հետաքրքիր էր. նախ ես զարմացա, որ Սեուլում այդքան հայ կա, հետո էլ իրենք էին շատ զարմացած, որ հայ արտիստը Հայաստանից կարող է հասնել Սեուլ և ելույթ ունենալ կորեացի երաժիշտների հետ։ Ի դեպ, կորեացի հանդիսատեսը նույնպես մեծ հետաքրքրությամբ ընդունեց Խաչատրյանի ստեղծագործությունը։ Կորեայում Խաչատրյանի մեղեդիները հաճախ չեն հնչում, և իրականում մեծ նվաճում էր այդ երկրում, որտեղ կան պրոֆեսիոնալ նվագախմբեր, հանդես են գալիս անվանի մենակատարներ, սիրում են դասական արվեստը, կարողացանք ներկայացնել մի պատառիկ հայկական երաժշտական արվեստից։ Որպես երաժիշտ՝ ինձ համար դա մեծ ձեռքբերում է»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։
Դիրիժորը նկատում է, որ հյուրախաղերի ժամանակ մեծ սիրով է հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ 2018-ի վերջին նույնպես, երբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ գտնվում էր ԱՄՆ-ում, հրավեր էր ստացել Ֆիլադելֆիայում գործող Հայ քույրերի ակադեմիայից։ «Տպավորություններն այդ կրթօջախից աննկարագրելի են։ Փայլուն դպրոց է՝ ֆանտաստիկ դիսցիպլինար համակարգով, դպրոց, որտեղ համոզվում ես, որ հայ ժողովրդի կարևորագույն արժեքներից մեկը կրթությունն է։ Այս կրթօջախն այնպիսի համբավ ու մեծարում ունի, որ իրենց երեխաներին այստեղ են բերում ոչ միայն հայերը, այլև այլ ազգերի ներկայացուցիչներ՝ սովորելով հայոց լեզու, հայոց պատմություն։ 21-րդ դարում կրթությունից ու գիտելիքից կարևոր բան չկա։ Եվ հայերը այս կրթօջախի միջոցով, տալով խորը գիտելիքներ, քարոզում են նաև հայկական մշակույթն ու մեր լեզուն։ Ինձ համար մեծ հպարտություն էր տեսնել դա»,- ասում է Սմբատյանը՝ ավելացնելով, որ հանդիպման վերջում կրթօջախի սաները հանդիսություն էին պատրաստել. փոքրիկների երգչախումբը, որոնց թվում էին նաև օտարազգիներ, կատարում էր հայկական երգեր։
Արփինե ԳԱԲՐԻԵԼՅԱՆ