Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոցապ նախարարությունը դիմել է կառավարություն՝ 114 թեժ գծի ծառայության պայմանագիրը 3 ամսով վերակնքելու

Փետրվար 11,2019 14:30

Կառավարության նախաձեռնած օպտիմալացման գործընթացը, հիմնադրամները, ԾԻԳ-երը կրճատելու վերաբերյալ վարչապետի հայտարարությունները մի շարք կառույցների աշխատակիցներին արդեն որքան ժամանակ է՝ փշերի վրա են պահում: Մարդիկ չգիտեն` իրենց ինչ է սպասվում, արդյոք իրենք է՞լ են աշխատանքը կորցնելու, իրենց հիմնադրամը կամ ծրագրերի իրականացման գրասենյակն է՞լ է փակվելու: Այս հարցերի պատասխանները, սակայն, կառավարության պատասխանատուներն էլ դեռ հստակ չունեն:

Արդեն քանի օր է՝ լրատվամիջոցներով քննարկվում է «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական եւ իրազեկման կենտրոն» հիմնադրամի եւ այս կառույցի ստորաբաժանում հանդիսացող 114 թեժ գիծ ծառայության աշխատել-չաշխատելու հարցը: Չի բացառվում, որ այս կառույցն էլ օպտիմալացվի:

114-ը սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքացիների ահազանգերը սպասարկող թեժ գիծն է: Թեժ գծի աշխատակիցները տարեկան կտրվածքով հարյուր հազարից ավելի քաղաքացիների հարցերի են պատասխանում: Կոնկրետ թեժ գծի ստորաբաժանումը մեծ աշխատակազմ չունի, բայց էականորեն թեթեւացնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործը: Հակառակ դեպքում այդքան քաղաքացիները ոչ թե մեկ աղբյուրից կփորձեն ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, այլ կծանրաբեռնեն նախարարության աշխատակազմը, ոլորտի հետ կապ ունեցող մյուս գերատեսչություններն էլ հետը: 114 թեժ գիծ ծառայությունը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ աշխատում է ծառայությունների մատուցման պայմանագրով: 2018 թ. տարեվերջին ավարտվել է պայմանագրի ժամկետը, նոր պայմանագիր մինչ օրս դեռ չի կնքվել: Հետեւաբար աշխատողներն էլ չեն վարձատրվում: Կկնքվի, թե չէ օպտիմալացումների այս ֆոնին՝ դեռ պարզ չէ:

«Առավոտը» «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական եւ իրազեկման կենտրոն» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Հերիքնազ Արչունցից հետաքրքրվեց` կառավարությունից որեւէ որոշում ստացե՞լ են համագործակցությունը դադարեցնելու, 114-ի ծառայությունից հրաժարվելու վերաբերյալ: Ի պատասխան՝ տիկին Արչունցն ասաց` ոչ, մեզ որեւէ մեկը որեւէ նման բան չի ասել: «Եթե նման որոշում կամ նախագիծ լիներ, կիմանայինք: Փաստացի որեւէ նման բան չկա»,- ասաց Հերիքնազ Արչունցը` վստահեցնելով, որ 114 թեժ գիծ ծառայությունը շարունակում է հավուր պատշաճի կատարել իր աշխատանքը եւ սպասարկել քաղաքացիների ահազանգերը:

Տիկին Արչունցի տվյալներով՝ անցյալ տարվա դեկտեմբերին սպասարկել են 15 հազար զանգ, այս տարվա հունվարին` 11 հազար, ամսական միջինը սպասարկում են 13 հազար զանգ: Ծառայությանն ուղղված զանգերի թիվն աճում է` կախված այդ շրջանում ոլորտում տեղի ունեցող օրենսդրական փոփոխություններից ու նախաձեռնություններից: Միայն անցյալ տարվա ընթացքում 114 թեժ գիծը 125 հազարից ավելի զանգ է սպասարկել:

Մեր հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ ձեր կառույցն էլ օպտիմալացվի՝ հաշվի առնելով, որ նախարարությունը ծառայությունների մատուցման նոր պայմանագիր դեռ չի կնքել, տիկին Արչունցն ի պատասխան ասաց, որ նախորդ տարիներին էլ եղել է, որ իրավական հարցերով պայմանավորված` պայմանագիրն ուշ է կնքվել:

Նշենք, որ այս ծառայությունն աշխատում է 24-ժամյա ռեժիմով, ժամը 18։00-ից հետո ձայնագրված զանգերի պատասխանը քաղաքացիները ստանում են հաջորդ օրը՝ հետզանգի միջոցով:

Ի դեպ, խոսք է գնում նաեւ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական եւ իրազեկման կենտրոն» հիմնադրամի օպտիմալացման մասին: «Նորք» հիմնադրամն ընդհանուր առմամբ մոտ 90 աշխատակից ունի:

Հիմնադրամը սպասարկում է սոցիալական ոլորտի տեղեկատվական համակարգերը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե նախարարությունն ի՞նչ մտադրություն ունի թեժ գիծ ծառայության առնչությամբ, արդյոք այն նո՞ւյնպես կօպտիմալացվի, արդեն կա՞ որեւէ որոշում, ասաց, որ նախարարությունը դիմել է կառավարություն` խնդրելով թույլ տալ 114 ծառայության հետ եռամսյա պայմանագիր կնքել, որպեսզի մինչ հստակ որոշում կայացնելը ո՛չ նախարարության աշխատանքը տուժի, ո՛չ ծառայության. «Որից հետո կհայտարարվի մրցույթ ծառայությունների մատուցման, եւ կազմակերպությունները կդիմեն, ըստ արդյունքների էլ ծառայությունը կմատուցենք»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

09.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728